Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջան չէ եւ երբեք չի լինելու»․ արցախցիների կոչը միջազգային կառույցներին, որոնք լռում են

Մարտ 24,2022 14:38

«Սա հումանիտար աղետ է եւ ահաբեկչություն։ Այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Սա միայն Ադրբեջանի կողմից գազատարի պայթեցում եւ փականի տեղադրում չէ․ սա այն է, թե ինչպես է Ադրբեջանը մեզ վերաբերվում, ինչպես է մեզ նվաստացնում, հոգեբանական ճնշում գործադրում։ Մենք պետք է հակազդենք սրան»,-Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հրավիրված խաղաղ հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Արցախի կանայք եւ երեխաները «Արցախն իմն տունն է», «Ալիեւ՝ ահաբեկիչ», «Դադարեցրեք Ադրբեջանի ահաբեկչությունը» գրություններով պաստառներով խաղաղ հավաք են իրականացնում՝ ընդդեմ ադրբեջանական ահաբեկչական գործողությունների․ դեպի Արցախ գազամատակարարումը խափանելուց հետո Ադրբեջանը պահանջներ է առաջադրել։

Կինը հայտարարեց․ «Հասկանանք, որ Ադրբեջանն իր խաղն է խաղում, իսկ մենք չպետք է խաղանք նրա կանոններով։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Այսօր այստեղ է մոտ 300 մարդ, բայց հույս ունենք, որ հաջորդ անգամ հարյուր անգամ ավելի շատ ենք լինելու եւ աշխարհին ցույց ենք տալու մեր միասնականությունը։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք այստեղ ենք, այստեղ ապրում ենք։ Այսօր շատ են խոսում Ուկրաինայի, Ուկրաինայի երեխաների մասին: Միջազգային հանրությունն ուշադրություն է դարձում նրանց եւ նրանց մասին խոսում բարձր, իսկ մենք ինքներս պետք է խոսենք մեր մասին, քանզի միջազգային հանրությունն աչք է փակում։ Երեւի բենզինն ու վառելիքը մթագնում են նրանց տեսողությունը։ Փորձենք ինքներս ասել, որ մենք՝ հայերս, ապրում ենք մեր հողում, հեռանալ չենք պատրաստվում եւ ապրելու ենք միայն այստեղ»։

Տիկինն Արցախի քաղաքացիներին կոչ արեց սոցցանցային բոլոր հնարավոր հարթակներով ուղերձներ հղել, որ Արցախում հայերն ապրում են եւ ապրելու են․ «Հուսով ենք՝ նման հավաքների կարիք էլ չի լինի, բայց եթե կարիք լինի նորից միավորվելու, կոչ ենք անում համախմբվել հանուն Արցախի եւ աշխարհին ապացուցել, որ մենք կանք։ Գուցե այդ դեպքում աշխարհը մեզ կսատարի»։

Արցախի քաղաքացի Էլլադա Ղահրամանյանն էլ հայտարարեց․ «Արցախցին, անկախ եղանակային եւ կենցաղային պայմաններից, միշտ իր իրավունքների տերն է։ Ցավալի է, որ պատերազմից հետո մինչեւ օրս որեւէ միջազգային կառույցի կողմից աջակցություն չենք տեսնում՝ բացի կոչերից ու հորդորներից։ Արցախցին արդեն իսկ մեծ հերոսություն է անում՝ ապրելով Արցախում։ Բոլոր միջազգային կառույցները մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ պետք է ոչ թե հորդորեն, այլ հստակ քայլեր ձեռնարկեն, քանի որ Ադրբեջանը հայտարարել է, որ այս հումանիտար աղետն իր ձեռագիրն է»։

Կինը նորից շեշտեց, որ Արցախում հումանիտար աղետ է, եւ աշխարհը տեղյակ է դրա մեղավորի մասին, սակայն քայլ չի ձեռնարկում, միայն մտահոգված է․ «Ադրբեջանն օգտվելու է առիթից եւ ակնկալվում է, որ մենք էլ ավել վատ վիճակում կհայտնվենք։ Մենք նույն իրավունքներն ունենք, ինչ աշխարհի բոլոր քաղաքացիները։ ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված է, որ բնակիչների հանդեպ ահաբեկչական գործողություններն անթույլատրելի են, մինչդեռ մենք հենց հիմա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայտնվել ենք անելանելի վիճակում։ Ցավալի է, որ չկա մի կառույց, որն ագրեսորին կստիպի վերջ տալ այս վայրագություններին։ Մենք տեր ենք մեր հողին եւ պահանջում ենք, որ միջազգային բոլոր կառույցներն անհապաղ քայլեր ձեռնարկեն։ Սա նաեւ մեր անվտանգության հարցն է։ Վաղը մյուս օրը բանը կհասնի նաեւ էլեկտրաէներգիային եւ ջրին։ Արցախն Ադրբեջան չէ եւ երբեք չի լինելու։ Լինի Թուրքիա, թե Ադրբեջան, թող չմտածեն, թե կարող են արցախցուն ճնշել կամ Արցախը հայաթափել։ Մեր երեխաներն արժանի են ապրել անվտանգ Արցախում»։

Տիկինն ընդգծեց՝ եթե որեւէ մեկը կամ որեւէ կառույց կարծում է, թե 90-ականներին նույնպես նման իրավիճակում ենք ապրել, ապա համեմատելուց առաջ պետք է գիտակցի, որ սա 90-ականները չեն, սա կյանքի եւ մահու պայքար է արցախցու իրավունքների համար՝ հանուն Արցախի եւ երեխաների ապագայի։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե 90-ականներին նույնպես առանց գազի ենք ապրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031