Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ վերահսկողության տակ անցած Բերդյանսկ քաղաքի նավահանգստում ուկրաինական ուժերը ոչնչացրել են «Օրսկ» դեսանտային նավը. Դենիս Ավտոնոմով

Մարտ 24,2022 13:54

«ՌԴ-ի քաղաքական նպատակը՝ վերածել Ուկրաինան Ռուսաստանի պրոտեկտորատի, հաղթահարված չէ եւ չի կարող հաղթահարվել: Ոչնչացնելով բնակչությանը եւ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, Մոսկվան փորձում է պարտադրել Կիեւին՝ գնալ զիջումների, կրակի դադարեցման եւ հրադադարի հաստատման բանակցություններում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետի գնահատմամբ, ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ ռուսական զինվորական ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, քանի որ պատրաստության բերված չէին երկրորդ  եւ դրան հաջորդող գծերը, լոգիստիկ անպատրաստություն էլ կա, քանի որ խնդիրներ են առաջանում զորքին զինամթերքով, սննդով, անգամ խմելու ջրով ապահովելու հետ կապված:

Ուկրաինացի դիվանագետը նկատում է՝ փոխարեն ուժերը կենտրոնացնելու հիմնական թիրախի՝ Կիեւի վրա, ռուսական ռազմական ուժերը բաշխվեցին մի քանի ուղղությամբ, որոնցից, բացառությամբ մեկի՝ հարավային ուղղության, հաջողության չեն հասել. «Նրանց միակ հաջողությունը Խերսոնի շրջանի բռնազավթումն է եւ Խերսոն ոչ մեծ շրջկենտրոնը»:

Ուկրաինացի դիվանագետը վստահեցնում է, որ ուկրաինական զորամիավորումները պլանշետներով անմիջապես ստանում են անհրաժեշտ տեղեկատվությունն, այդ թվում՝ նաեւ սպուտնիկ կայաններից եւ հետախույզ-ինքնաթիռներից ստացված, մինչդեռ ռուսական համապատասխան համակարգերը չեն աշխատում, քանի որ դրանք միացած են JPS համակարգին, որի կենտրոնակայանը գտնվում է Ուկրաինայում:

«Այսօր առավոտյան, բռնազավթված Բերդյանսկ քաղաքում, նավահանգստում, ոչնչացվել է մեծ դեսանտային «Օրսկ» նավը. մեծ պայթյուն է եղել: Ուկրաինական զինված ուժերն աշխատում են»,- ասաց Դենիս Ավտոնոմովը:

Անդրադառնալով պատերազմական իրավիճակում երկու երկրների տնտեսություններում առաջացած խնդիրներին, ուկրաինացի դիվանագետն ասաց,  որ ՌԴ-ի դեմ սահմանափակումների մասին շատ չի խոսի, բայց այն, որ ՌԴ-ում ապասառեցրել են «ԻԼ 86» ինքնաթիռների գործունեությունը, որոնք գործածությունից հանվել էին դեռ 2011 թվականին եւ որոնց վերջին արտադրությունը եղել է 1997 թվականին, ապա դա շատ բան բացատրում է:

Բանախոսը նկատեց, որ ՌԴ-ն փորձում է եւ փորձելու է գործի դնել ԵԱՏՄ մեխանիզմները, արեւմտյան սահմանափակումները շրջանցելու համար, բայց սա 21-րդ դարն է եւ ամեն ինչ տեսանելի է: Դենիս Ավտոնոմովը կարծում է, որ որոշ գործողություններ, ՌԴ-ն հատկապես է հրապարակային անում, որպեսզի իրեն հանցակից դարձնի ԵԱՏՄ անդամ երկրներին:

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին էլ, բանախոսը հայտարարեց, որ ՌԴ բնակչության 74 տոկոսը պաշտպանում է իր երկրի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչը բավական խոսուն է եւ ինքը դժվարանում է մեկնաբանել այս վերաբերմունքը մի ժողովրդի հանդեպ, որոնց դարեր շարունակ ռուսները եղբայրական են անվանել:

«Բռնազավթիչը որեւէ տեղում հանգիստ չի ունենա, ուկրաինացի ժողովուրդն անցել է տոտալ դիմադրության: Խերսոնում, շրջանի մյուս մեծ քաղաքներում խաղաղ ցույցեր են ընթանում բռնազավթիչների դեմ, նրանց առաջարկվում է հեռանալ, նրանք ուժ են կիրառում, փորձում են բռնազավթիչների ղեկավարություն հաստատել՝ առայժմ ապարդյուն»,- հայտարարեց Դենիս Ավտոնոմովը:

Նա բավական դրական գնահատեց Ուկրաինայի հայ համայնքի դերը, որն առաջին օրվանից կանգնել է ի պաշտպանություն իր երկրորդ հայրենիքի եւ ուկրաինական զորամիավորումների շարքերում են:

Դիվանագետը հրապարակեց նաեւ այս ընթացքում ՌԴ բանակի կորուստների մասին տվյալներ, որոնք հաշվարկել է ուկրաինական ԳՇ-ն՝ մոտ 16 հազար մարդ, որոնց թվում են նաեւ ՌԴ բանակի հինգ գեներալներ, 530 տանկ, 106 ինքնաթիռ եւ այլն: Նա նաեւ նկատեց, որ ամերիկյան ռազմական գերատեսչության հրապարակած տվյալները ՌԴ-ի համար առավել սարսափազդու են:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031