Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր բարկացավ լրագրողի հարցից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց՝ ասել էիք 2021 թվականին ներքին ներդրումային պլանը 1 մլրդ դոլար է լինելու, հիմա կարո՞ղ եք թվային տվյալներով ասել` ինչպիսի պատկեր է։
Այս հարցը բարկացրեց Քերոբյանին։
«Դուք կարդո՞ւմ եք վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը», – հարցրեց նախարարը, ինչին ի պատասխան լրագրողն ասաց՝ երբեմն, երբեմն։
«Ներողություն, անպատրաստ հարցերին ես ուղղակի հրաժարվում եմ պատասխանել։ Եթե գնաք կարդաք, կտեսնեք, որ 1 տրիլիոն 370 միլիարդ դրամ է եղել համախառն կուտակումը եւ դրա համար պետք չի ինձ ավելորդ հարցեր տալ՝ եթե կան հրապարակված թվեր։ Ես ձեզ խնդրում եմ պրոֆեսիոնալ աշխատեք։ Դուք թվեր չեք կարդում, գալիս եք տրիվիալ, անգրագետ հարցեր եք տալիս», – ասաց նախարարը, հորդորելով կարդալ ՎԿ տարեկան հրապարակումները։
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ այնտեղ կա՞ն կոնկրետ անուններով, թե ինչ ներդրումներ են եղել, Քերոբյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ երբ լրագրողը խնդրեց դրան անդրադառնալ, նախարարն ասաց․ «Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում, կա աշխատանք, որի արդյունքը հրապարակված է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ