Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կհիշեցնե՞ք ինչ կարմիր գծեր ենք մենք ժառանգել 2018-ին, որ հիմա էլ զարմացած ասում եք՝ իսկ որտե՞ղ են այս իշխանության կարմիր գծերը». Արման Եղոյան

Մարտ 24,2022 13:42

Որո՞նք են այն կարմիր գծերը, որ չի հատի այս իշխանությունը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններում, ինչո՞ւ ուղիղ չեք ասում, որ Արցախը երբեք որեւէ կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում՝ այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Կա որոշակի արտահայտություն՝ զիջման շեմ: Եթե խոսում եք կարմիր գծերից, հիշեք հետեւյալը՝ եթե մի անգամ ֆիքսեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու, որովհետեւ արդեն մատնանշել ես կարմիր գծեր, որտեղ դու պատրաստ ես բանակցել: Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, սիրում է կոնֆիդենցիալություն: Դիվանագիտությունը արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահմանափակեք հնարավորությունները: Ես կվերադառնամ 1991-92թ.թ. եւ կասեմ՝ եթե այն ժամանակ այդ կարմիր գծերի հարցում մենք ունենայինք ավելի ճկուն դիրքորոշում, այլ չունենայինք հստակ հայտարարություններ, գուցե այսօր ավելի բարվոք վիճակում կհայտնվեր մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը»:

Նա ասաց, որ կարմիր գծերը պետք է պահպանեն ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ՝ ընդդիմությունն ու ԶԼՄ-ները:

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց. «Կհիշեցնե՞ք ինչ կարմիր գծեր ենք մենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018-ին, որ հիմա էլ զարմացած ասում եք՝ իսկ որտե՞ղ են այս իշխանության կարմիր գծերը: Դուք իմացե՞լ եք այդ կարմիր գծերը որտեղ են՝ փաստաթղթավորված կերպով, ոչ թե հայտարարությունների մակարդակով՝ վերացական: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ-ի կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով չեն փոխվել 2018-ից հետո: Բանակցային գործընթացում եղած կարմիր գծերի մասին է խոսքը, ոչ թե պատերազմի հետեւանքով առաջացած»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները զրոյական կետից է սկսել՝ Եղոյանը արձագանքեց, որ խեղաթյուրում են, ոչ թե զրոյական կետից, այլ՝ սեփական կետից է սկսել. «Սեփական կետը կարմիր գծերի նկատմամբ իր վերաբերմունքն է: Դուք որտեղ որ գիտեք, որ գտնվել են 2018-ին բանակցային կարմիր գծերը, այ, այդ նույն տեղում են, իմացա՞ք»:

Վլադիմիր Վարդանյանը բարկացավ, թե արտաքին մարտահրավերների դեպքում կոնսոլիդացիայի փոխարեն 5-րդ շարասյունը փորձում է իշխանության գալ ամեն գնով, անգամ՝ պետականության կորստի գնով. «Ես դա թույլ չեմ տա, սա՛ է մեր կարմիր գիծը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031