Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի բակում այսօր Արցախի կանայք եւ երեխաները «Արցախն իմն տունն է», «Ալիեւ՝ ահաբեկիչ», «Դադարեցրեք Ադրբեջանի ահաբեկչությունը» գրություններով պաստառներով խաղաղ հավաք են իրականացնում՝ ընդդեմ ադրբեջանական ահաբեկչական գործողությունների։
Հիշեցնենք, որ դեպի Արցախ գազամատակարարումը խափանելուց հետո Ադրբեջանը պահանջներ է առաջադրել։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։ Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է»,-ասված է նախաձեռնության հայտարարությունում։
Կարդացեք նաև
Շուշիի բնակիչ Ալյոնա Սարգսյանը հավաքվածներին դիմեց Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերով՝ «սուգը հավերժ է, երբ չկա պայքար», ապա շարունակեց․ «Հատկանշական է, որ 1919-20-ական թթ․ այս օրերին Շուշիում հայերի ջարդեր էին։ Այսօր Ադրբեջանի հայատյաց իշխանությունը նույն կերպ փորձում է ցեղասպանության նոր ծրագիր իրագործել։ Սա սոսկ հումանիտար աղետ չէ։ Եթե այսօր չմիավորվենք, չենք կարողանա հասնել համերաշխության եւ մեր պահանջներն ի լուր աշխարհի ասել։ Եթե այսօր լռենք, վաղը պատմության նոր արյունալի էջեր են լինելու։ 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել եմ ամեն ինչ, անգամ՝ հորս գերեզմանին գնալու հնարավորությունը։ Այսօր մինչեւ վերջ շարունակելու եմ ապրել Արցախում, որովհետեւ Արցախն իմ տունն է։ ՄԱԿ անդամ երկրներն այս օրերին այցելել են օկուպացված, հայաթափված Շուշի, բայց չեն եկել Ստեփանակերտ, որպեսզի տեսնեն, թե ինչ անմարդկային պայմաններում ենք մենք ապրում ու ստեղծագործում։ Արցախցին նորից պետք է վերընձյուղվի եւ ապրի։ Այս ամենը պետք է իրագործենք միաբանվելով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ