Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում». Վլադիմիր Վարդանյան

Մարտ 24,2022 13:08

Կանխատեսվում է, որ մոտալուտ վտանգ կա պատերազմի, դուք ինքներդ այս պահին ռեալ վտանգ տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը հարձակվի, մանավանդ, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է հնարավոր էսկալացիայի մասին ակնարկ արել. Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց. «Ես վարչապետի խոսքում որեւէ ակնարկ չեմ հիշում հնարավոր էսկալացիայի մասին: Ընդհակառակը, իր խոսքը այն մասին էր, որ Ադրբեջանը ձգտում է դանդաղ գործիքակազմով հայաթափել Արցախը: Այսինքն, այնտեղ խոսքը ճիշտ հակառակի մասին էր: Ձեր հարցին պատասխանելու համար ես պիտի տիրապետեմ բազմաթիվ տեղեկությունների՝ ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված, շփման գծում եւ սահմանին օպերատիվ իրավիճակի հետ կապված»:

Նա հորդորեց հարցն ուղղել գործադիր մարմնին, բայց իր անձնական դիրքորոշմամբ, հիմա տարածաշրջանում տուրբուլենտության փուլ է ու թե որ կետում ինչ դրսեւորումներ կտեսնենք, չի կարող կանխատեսել:

Լրագրողները հարցրեցին՝ կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, գազատարի հետ կապված խնդիրը ռուս խաղաղապահներն են բանակցում, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում, ընդդիմությունը տպավորություն ունի, որ դուք ձեռքերդ լվանում եք, ի՞նչ է անում իշխանությունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով՝ անվտանգային խնդիրները չեզոքացնելու համար:

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրի բոլոր դրույթները անում են: Երկրորդ՝ խաղաղապահներն ունեն իրենց դերակատարումը եւ դա չպետք է անտեսել: Երրորդ՝ այս օրերին ՀՀ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ջանքերը գործադրել են՝ միջազգային գործընկերներին խնդրի մասին տեղյակ պահելու եւ լուծումներ գտնելու համար. «Գազատարի հետ կապված նման արկածախնդրությունը ըստ էության ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, խոսքը գնում է ժողովուրդների իրավունքների մասին ու այն գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ավելի է ամրապնդում մեր դիրքերը՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ եւ ըստ էության առավել հիմնավոր ու տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»:

Երկարաժամկետ կտրվածքով լուծումեր գտնելու համար նա վստահեցրեց, որ աշխատում են բոլորով՝ ամենօրյա ռեժիմով:

Հարցին՝ ընդդիմադիրներն ասում են, որ ապրիլին հնարավոր է նոր փաստաթուղթ ստորագրվի Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ, նաեւ Արարատ Միրզոյանն էլ չբացառեց, որ փաստաթուղթը, որը պետք է ձեւակերպվի, հանրաքվեի միջոցով կընդունվի, քննարկումներ ընթանո՞ւմ են՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ եթե ընդդիմադիրները նման կարծիքներ են հայտնում, լավ կլինի աղբյուրները բացահայտեն, թե որտեղից է նման տեղեկատվություն ի հայտ եկել. «Իրականում խաղաղության օրակարգ հայտարարած երկիրը պետք է մշտապես պատրաստ լինի դիվանագիտական ճանապարհով լուծել այս կամ այն հարցը: Տվյալ պարագայում որեւիցե փաստաթղթի մասին խոսել ավելորդ է, որովհետեւ եթե խոսքը գնում է միջազգային համաձայնագրի մասին, դա թաքցնել հնարավոր չէ, այն ենթակա է ներպետական ընթացակարգերով վավերացման: Գաղտնի համաձայնագրերի կնքումը արգելված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031