Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդանոցներում եւ հացի արտադրամասերում գազ չկա, ծերերն ու երեխաները սառում են». Ցույց ի պաշտպանություն Արցախի հայության

Մարտ 24,2022 12:47

«Փոքր երեխաները, կանայք եւ ծերերը ծանր վիճակում են, նրանց հանդեպ իրականացվում էթնոցիդ, սա Արցախի էթնիկական զտումն է, որը չենք կարող հանդուրժել»,-ասաց Երեւանում ՄԱԿ -ի գրասենյակի մոտ ի պաշտպանություն արցախցիների բողոքի ցույց անող քաղաքացիներից մեկը: Նա նշեց, որ հրավիրում է ՄԱԿ-ի գրասենյակի ուշադրությունը եւ կոչ անում է կանգնել Արցախի հայերի իրավունքների պաշտպանության կողքին:

«Ես ծնունդով Արցախից եմ, բայց այս պահին ստիպված Երեւանում եմ ապրում: Մարդիկ չեն կարողանում 21-րդ դարում Արցախում ապրել մարդկային նորմալ պայմաններում»,-ասաց տիկինը:

«Ներկայումս հումանիտար ճգնաժամ է Արցախում, եւ այս պայմաններում Շուշիում ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները միջոցառման են մասնակցում ու շնորհավորական ուղերձներ հղում Ադրբեջանին, երբ Արցախն ամբողջությամբ հումանիտար ճգնաժամի առաջ է կանգնած: Արցախի բնակչությունը շաբաթներ շարունակ գազ չունի, սակայն ոչ ոք չի խոսում սրա մասին: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի այս գործողությունները, շնորհավորական ուղերձները:

Արցախի հարյուր հազար բնակիչ ծանր պայմաններում է ապրում, հիվանդանոցներում գազ չկա, հացի արտադրամասերում գազ չկա, երեխաների կրթության իրավունքը չի իրացվում: Սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության գործնական դրսեւորումն է:

Սա ապաքաղաքական ակցիա է, ու այսօր ՄԱԿ-ին ենք ներկայացնում մեր պահանջը, ցանկանում ենք մեր խոսքը լսելի լինի, եւ ՄԱԿ-ը բանեցնի իր բազմաթիվ լծակները ու հարցին լուծում տա եւ երկերեսանի քաղաքականություն չիրականացվի»,-ասաց ցույցի կազմակերպիչներից կովկասագետ Աշոտ Ծատրյանը:

«Հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, Ադրբեջանն այնպիսի քայլեր է իրականացնում, որպեսզի հողագործները չկարողանան իրենց հողը վարել, եկամուտ ստանալ: Հայահալած քաղաքականություն է իրականացվում Արցախի նկատմամբ, հիմնական նպատակը հայ էթնոսի ոչնչացումն է, ամեն ինչ անում են, որպեսզի հայերը հեռանան Արցախից»,-հավելեց Աշոտ Ծատրյանը:

«Մենք ուզում ենք Արցախի ժողովրդին ասել, որ իրենց կողքին ենք եւ իրենց հոգսերը զգում ենք, ինչպես մերը: Մենք այս ժամին որոշեցինք լինել այստեղ, որովհետեւ այս ժամին նաեւ Ստեփանակերտում է բողոքի ցույց իրականացվում: Ուզում ենք, որ իրենք զգան, որ իրենց հետ ենք»,-ասաց ցույցի մեկ ուրիշ մասնակից՝ հոգեբան Մարինե Անդրեասյանը:

Ի պաշտպանություն Արցախի ցույց իրականացնողները պատրաստել են նամակ՝ հասցեագրված ՄԱԿ-ին, հստակ պահանջն է՝ լծակները գործադրել՝ Արցախի հայերի իրավունքները պաշտպանելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031