Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տգեղ պահվածք էր հայ կնոջ նկատմամբ». Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին

Մարտ 24,2022 12:39

«Ցավալիորեն, Ադրբեջանը ընդլայնել է Արցախի նկատմամբ իր ճնշումների զինանոցը եւ երկարաժամկետ կտրվածքով այս պահին որեւէ լուծում դեռեւս տեսանելի չէ»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա ասաց, որ հարցը միայն Արցախում ջեռուցման համակարգի խնդիրները չեն, այլ՝ արտադրությունները չեն կարողանում կազմակերպվել, տրանսպորտի գինն է մի քանի անգամ աճել՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ու ցավոք, խնդիրները խորացման միտում ունեն:

Հարցին՝ կան տեսակետներ, որ պատերազմ է սկսվելու, իշխանության կողմից կա՞ այդ գիտակցումը ու աշխատանք տարվո՞ւմ է՝ այն կանխելու համար, բանակի վերազինման ուղղությամբ՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հետպատերազմյան այս ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները անհրաժեշտ եզրակացություններ են կատարել ՀՀ-ի ու Արցախի գլխին կախված սպառնալիքների մասով: Որքան էլ ՊՆ նախարարը փորձի կառավարության հետ հարցուպատասխանին կամ այլ բնույթի հայտարարություններում հուժկու կերպար ստեղծի իր անձի շուրջ, դա միգուցե իր անձնական PR-ին նպաստի, բայց իրականության մեջ զինված ուժերում որեւէ լուրջ փոփոխություն չի եղել»:

Նա ասաց, որ գրություններ է ուղարկել ՊՆ-ին՝ հասկանալու համար, թե ինչ է ձեռնարկվել ու ուր ենք գնում, բայց պետական ու պաշտպանության անվտանգային համակարգում ինչ անում են, չի կարող բավարար լինել:

Երեկ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Ներքին Հանդի հետ կապված էմոցիոնալ պատասխան տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին: Տիգրան Աբրահամյանը կիսվեց տպավորություններով. «Շատ տգեղ պահվածք էր հայ կնոջ նկատմամբ: Տգեղ էր հատկապես, որ դիմացինը Աննա Գրիգորյանն էր, մի պատգամավոր, ով բավականին պարկեշտ է ու իր մոտեցումներում, հայտարարություններում մշտապես իր բարձրության վրա է գտնվել: Այս պարագայում որեւէ տղամարդու համար՝ դա կլինի ՊՆ նախարար, վարչապետ կամ մեկ այլ պաշտոնյա, շատ տգեղ պահվածք էր: Իմ տպավորությամբ Սուրեն Պապիկյանի նպատակն էր այդ էմոցիոնալ ֆոնով թեման «սվաղել» եւ իրական տեղեկատվություն չփոխանցել: Ես ինքս աշխատում եմ մշտապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ ու փորձում եմ հավասարակշռված պահել այն, ինչի մասին վերջնական պատկեր չունեմ, բայց կան մի քանի հանրային դեմքեր՝ սկսած նախկին օմբուդսմենից, մի քանի քաղաքագետներ, ովքեր քարտեզային ձեւով էին հրապարակումներ արել Ներքին Հանդում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք փաստական առումով շատ ավելի մեծ վստահություն էին առաջացնում, քան ՊՆ հայտարարությունները: Որոշակի կասկածներ առաջացրեց այն, որ ՊՆ նախարարը վերջին այցի ժամանակ Ներքին Հանդի բնակիչների հետ չէր հանդիպել: Այդ խուսափողականությունը, որ կար, հայտարարությունը, որը նաեւ Կապանի խոշորացված համայնքի ղեկավարն է հնչեցրել, պետք է հիմք ընդունել, նա խոսում էր ադրբեջանական կողմի ներխուժման մասին: Մենք պետք է արձանագրենք, որ ակնհայտորեն փաստերը ադրբեջանական ներխուժման վերաբերյալ շատ ավելի համոզիչ են, քան պաշտոնական տեղեկատվությունը, որը մեզ հրամցվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031