Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը կսուբսիդավորի լաստանավով բեռնափոխադրումները

Մարտ 24,2022 12:22

«Հայաստանը ներմուծման եւ արտահանման ժամանակ միշտ, տարիներով հատվում է այն խնդրին, որ Վերին Լարսի անցակետը, ճանապարհը փակ է լինում, մեքենաներ են կուտակվում տարբեր կողմերից, եւ դա այսօրվա նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը դառնում է ամենակարեւոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք ունի ֆունդամենտալ լուծման»,-կառավարության այսօրվա նիստում «ՀՀ տարածքից արտահանման կամ ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարությունն, ըստ Քերոբյանի, առաջարկում է սուբսիդավորել «Փոթի պորտ Կովկաս» լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական երկու անգամ չվացուցակով․ «Որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձեւի, որը թույլ կտա էապես բարձրացնել պարենային անվտանգությունը եւ լոգիստիկ հասանելիությունը ՀՀ-ի, էապես կբարձրացնի ՀՀ արդյունաբերության մրցունակությունը եւ պարենային անվտանգության համար կարեւոր դերակատարություն կունենա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ պետք է արձանագրել, որ լաստանավային կապ հաստատելու Հայաստանի առաջին փորձը չէ․ «Նախորդները միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ ի վերջո կստացվի։ Առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում, իհարկե, լաստանավով ավտոմեքենայով փոխադրման հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա»։

Սուբսիդավորումն իրականացվելու է 6 ամսով։

«Հույս ունենք, որ այդ համակարգը կսկսի աշխատել եւ ինքն իր ծախսերը փակել»,-ասաց վարչապետը։

Լաստանավով փոխադրումները պետությունը սուբսիդավորելու է՝ անկախ բեռի տեսակից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031