Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրեցին՝ եթե այս իշխանության գործողությունների մեջ առերեւույթ հանցակազմ կա, ապա ինչո՞ւ եք այդ իշխանության ներկայացուցիչների հետ փակ հանդիպում անում, ինքներդ նախաձեռնում փակ հանդիպում, այս պարագայում դուք եւս մաս չե՞ք կազմում դրան, ձեզ մինչեւ հիմա մեղադրում են, որ ժամանակին՝ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եք ու հանրությանը ուղիղ չեք ասում, թե ինչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը:
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք փակ հանդիպում չենք պահանջել, պահանջել ենք հրատապ օրակարգով քննարկում ԱԺ-ում, ՔՊ-ն քվեարկել է, որ հանդիպումը փակ տեղի ունենա: Մենք կարող էինք ասել՝ փակ է, չենք մասնակցում, բայց մենք գործ ունենա լրջագույն սպառնալիքի, երկրի անվտանգության հետ, այս պարագայում այո՛, մենք պահանջել ենք, որ ԱԳ նախարարն ու փոխվարչապետը գան ու ներկայացնեն, թե ինչ հրատապ քայլեր են անում Արցախում: Մենք տվել ենք հարցեր, բայց չենք ստացել պատասխաններ ու բավարարված չենք: Այնպես չի, որ մենք այդ հանդիպումից դուրս ենք եկել եւ ասել ենք՝ մտահոգություն չունենք: Դուրս ենք եկել եւ ասել ենք՝ մեր մտահոգությունները կրկնապատկվել են»:
Ինչ վերաբերվում է իր հանդիպմանը Փաշինյանի հետ՝ Սաղաթելյանն ասաց, որ պահանջել է, որ Փաշինյանը այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակի ու մարդիկ կտեսնեն, թե ով ինչ է ասել. «Ես ասել եմ, որ բացի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից, մենք նաեւ առանձին հանդիպումներ ենք ունեցել պատերազմի առաջին օրերից իր հետ, որովհետեւ երկիրը պատերազմի մեջ էր եւ մեր դիրքորոշումն այն էր, որ մենք բոլորս հայկական բանակի զինվորն ենք ու պետք է գնանք կռվենք արտաքին թշնամու դեմ: Այդ փակ հանդիպումների ժամանակ մենք մեր բոլոր դիրքորոշումները ասել ենք մանրամասն: Իսկ ինչ վերաբերում է՝ ինչի չեմ ասել, եթե հիշում եք, ես ամսի 19-ի հանդիպումից դուրս եմ եկել ու ասել՝ վերեւում հնչեցված տեսակետները մեր համար անընդունելի են ու մտահոգիչ ու հենց նույն օրը երեկոյան live եմ արել ու ասել՝ ՀՅԴ-ի տեսակետերը որն են: Չէի կարող ես բոլոր մանրամասները հրապարակային ասել, երբ պայմանավորվածություն կար, որ այդ մասին չենք խոսում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեզ մեղադրում էին, որ երբ վարչապետն ասել է՝ վիճակը ծանր է, պետք է պատերազմը կանգնեցնել, դուք եք եղել «դեմ», հիմա ի՞նչ է ստացվում՝ դուք մեղադրում եք իշխանությանը, ասում եք՝ «հող հանձնող», ձեզ էլ ասում են՝ «դուք եք հող հանձնել», ի՞նչ անի այս պարագայում քաղաքացին, երբ տեսնում է փոխադարձ վիրավորանքներ, բայց դրանից բան չի փոխվում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ի՞նչ անի քաղաքացին՝ ուշադիր նայի, տեսնի ով է ստորագրել, ով է հող հանձնել ու դրանից եզրակացություն անի, հո ասելով չի՞: Հիմա ասում են, որ 2010-ին «Վարչատարածքային բաժանումով» իշխանությունները Արցախը հանձնել են, ձեռ են առնում քաղաքացիներին»:
Դիտարկմանը՝ մեկուկես տարի է՝ քաղաքացիները ձեզ չեն միանում, ինչքան էլ ասեք՝ նա արձագանքեց. «Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այսինքն, ի՞նչ, ՀՀ քաղաքացին ուզում է վերջնական կորցնի՞ իր պետականությունը: Գոյություն ունի հսկայական մանիպուլյացիա, ամբոխավարություն, որով փորձում են ժողովրդին մոլորեցնել նախկին-ներկաների թեզերով ու ժողովրդին շեղել բուն խնդիրներից: Ով է հող հանձնել՝ ստորագրված է փաստաթղթերով, հելնեն օդ, իջնեն ցած՝ պատմության մեջ այդ փաստաթուղթը մնալու է եւ այդ փաստաթղթի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Մի մասը ասում է, որ ես եմ դեմ եղել պատերազմը կանգեցնելուն: Ես շատ հստակ եմ իրեն ասել՝ հոկտեմբերի 19-ին կառավարությունում իրեն ասել եմ՝ Նիկո՛լ Փաշինյան, դու քո քայլերով ու գործողություններով երկիրը բերեցիր հասցրեցիր կապիտուլյացիայի եզրին, դու ես այս բոլոր հարցերի պատասխանատուն: Այս խեղճացած, կծկված վիճակով դու չես կարող բանակցել ՀՀ-ի փոխարեն: Եթե ձեզ թվում էր, թե ՀՅԴ-ն պետք է ասեր՝ արագ գնա ու կապիտուլյացիա ստորագրի, ես չէի կարող նման բան ասել, իմ ընկերները առաջնագծում կռվում էին: Ես ասել եմ՝ դո՛ւ ես պատասխանատուն ու դու պետք է որոշում կայացնես այս իրավիճակից, բայց քո քայլերով երկիրը բերեցիր հասցրեցիր անդունդի եզրին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ