ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից, հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականությունից ու մեծ մտահոգություն կա սրա հետ կապված. «Բոլոր այն հաստատումներն ու դիրքորոշումները, որ հայտնել ենք այս իշխանությունների մասին, օրեցօր հիմնավորվում են»:
Նա ասաց, որ սա միայն իշխանություն-ընդդիմություն պայքար ու կռիվ չի. «Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով, իրենք ասում են՝ ապագա կա՝ զիջելով: Իրենք Հայաստանի վաղվա օրը տեսնում են զիջելով ու իրենց պարտվողական քաղաքականության արդյունքում մեր երկիրն այսօր հասել է այս օրի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՅԴ ժողովից հետո հայտարարություն եղավ, որ դիմադրության շարժում եք սկսում ու կբանակցեք նաեւ այլ քաղաքական ուժերի հետ, ովքեր կիսում են ձեր տեսակետները, ովքե՞ր են միացել այդ դիմադրության շարժմանը, ե՞րբ եք սկսելու ու ի՞նչ գործողությունների մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Ակտիվ խոսում ենք ՀՀ տարբեր քաղաքական ուժերի, միությունների, տարբեր գործիչների, անհատների հետ: Դիմադրությունը ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն արտաքին թշնամիներին, ովքեր նպատակ են դրել ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը եւ դիմադրություն օրվա իշխանություններին, ովքեր սպասարկում են այդ ուժերի շահերը, չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը ու ամենակարեւորը՝ չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, տարածքների անձեռնմխելիությունը: Նպատակ ենք դրել, որ ինքը պետք է դառնա համահայկական դիմադրություն, որը պետք է վերածվի համաժողովրդական ընդվզման: Այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում, առաջիկայում դուք կոնկրետ քայլեր ու գործողություններ կտեսնեք»:
Իսկ թե ո՞ր կուսակցություններն են միացել՝ Իշխան Սաղաթելյանը այսպես պատասխանեց. «Գաղափարը, որը ներկայացրել ենք տարբեր ուժերի եւ անհատների, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ ընկալելի եւ հասկանալի է: Երբ որ ամբողջական պատկեր ունենանք, հանգամանալից կխոսենք»:
Հարցին՝ մամուլում հրապարակումներ եղան, որ հնարավոր է ապրիլ ամսին Ադրբեջանի հետ ՀՀ-ն փաստաթուղթ ստորագրի, դուք փակ հանդիպում եք ունեցել արտգործնախարարի հետ, այդ հարցը քննարկե՞լ եք՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել, բայց մտահոգություն կա. «Եթե շարունակ կան բանակցություններ, ենթադրվում է, որ արդեն կա փաստաթուղթ, որը երկու կողմերի միջեւ քննարկվում է ու հերթական անգամ ժողովրդի թիկունքում պատրաստում են նոր դավադրություն: Այն կետերը, որ հնչեցվել են Ադրբեջանի կողմից, այն հայտարարությունները, որ հնչեցվել են Թուրքիայի կողմից, ցանկացած փաստաթուղթ այս պայմաններում լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր: Օրվա իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու լոզունգի տակ մեր ժողովրդի եւ երկրի համար բացելու է նոր դժոխքի, քաոսի ու կորուստների դարաշրջան»:
Նա նշեց, որ հայրենազրկման գնով խաղաղությունը խաղաղություն չի կարող լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ