Վերջին շրջանում ամենատարբեր հանրային հարթակներում հաճախ է հնչում միտքը, որ քաղաքականությամբ զբաղվող բոլորը՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունները, տարբեր ինտելեկտուալ խմբերը կտրված են հասարակությունից, և վերջինը չի վստահում նրանցից որևէ մեկին։
Այս գնահատականի մեջ կա ճշմարտության չափազանց մեծ հատիկ։ Այո, ցավոք, հասարակության զգալի մասն ապատիկ անտարբերություն է տածում բոլոր քաղաքական դերակատարների հանդեպ՝ լինեն դրանք իշխանությունից թե ընդդիմությունից։ Այլ կերպ ասած, երկրի բոլոր էլիտաները կտրված են հասարակությունից, նրանց և հանրության միջև բացակայում է արդյունավետ հաղորդակցությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է տոտալ անտարբերության հաստատմանը։ Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, առանց որի լուծման՝ պետությունը չի կարող հաղթահարել այն չհայտարարված ճգնաժամը, որում գտնվում է այսօր։
Բայց այս՝ հանրության հետ կոմունիկացիայի խնդրի լուծումը կարող է վտանգավոր գայթակղություններ առաջացնել էլիտաների մոտ։ Վերնախավերի և հանրության միջև կապի խզման ամենահիմնական ու իրավացի բացատրություններից մեկն այն է, որ էլիտաները չեն սպասարկում հասարակության քաղաքական պահանջները։ Սա արդարացի պնդում է, սակայն մեծ վերապահմամբ՝ իսկ արդյոք հանրությունն ունի՞ քաղաքական պահանջներ ու դրանցով ձևավորված օրակարգ։
Արժանահավատ հարցումների ու մասնագիտական գնահատականների բացակայության պատճառով այդ հարցին դժվար է միարժեք պատասխանել, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ հասարակությունը, որպես այդպիսին, չունի հստակ ձևակերպված պահանջներ ու քաղաքական օրակարգ։
Կարդացեք նաև
Ամենատարբեր խմբերում ու հանրային շերտերում կան դժգոհություններ, անհանգստություններ, մտահոգություններ, բայց դրանք անջատ են ու հատվածական և չեն վերածվում միասնական օրակարգի, որն արդեն ոչ այնքան հանրության, որքան հենց էլիտաների խնդիրն է։
….Իսկ ավելի լայն իմաստով, այդ վակուումը կարող է լցվել առաջին հերթին՝ մտածողության փոփոխության դեպքում, որի արդյունքում քաղաքականությամբ զբաղվողները հասարակության հետ կհարաբերվեն ոչ թե էլիտարիզմի, այլ էգալիտարիզմի սկզբունքով։
Հասարակությունը չի սիրում իրեն վերևից նայողներին։
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում