Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կլիներ, եթե Պարովիչնիկովը չհայտնվեր օպերայում

Մարտ 24,2022 13:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-28-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կներկայանա Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացմամբ։ Հիշեցնենք, որ այն 2021-ի վերջերին իրականացրել է ճանաչված խորեոգրաֆ Գեորգի Կովտունը, բեմադրող դիրիժորն է մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ ընդունված կարգ է, մանավանդ հյուրախաղերի ժամանակ, բալետային ներկայացումը ուղեկցվի ֆոնոգրամայով, այլ ոչ նվագախմբի ընկերակցությամբ։ «Մարդուկ-Ջարդուկն» էլ կուղեկցվի ֆոնոգրամայով։ Բայց մինչ այդ պետք էր ձայնագրել երաժշտությունը։ Իսկ Երեւանում ընդհանրապես դասական երաժշտություն ձայնագրելը վերջին 30 տարիներին դարձել է խնդիր։

Օրինակ, որեւէ ստեղծագործություն ձայնագրելու համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մշտապես դիմում է «դրսի» օգնությանը՝ հրավիրելով հնչյունային ռեժիսորների։ Մինչդեռ ազգային օպերային թատրոնում 2013թ. ամբողջովին արդիականացվեց բեմական մեխանիզմը, ներդրվեցին ժամանակակից լուսային եւ ձայնային թվային կառավարման համակարգեր։ Ողջ տեխնիկան ներկրվեց Գերմանիայից ու Ավստրիայից։ Իսկ տեխնիկական վերազինումն իրականացրեց ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերությունը։ Յուրաքանչյուր նոր տեխնոլոգիայի ներդրում ակնկալում է համապատասխան մասնագետների պատրաստում կամ վերապատրաստում։ Կոնկրետ՝ հնչյունային ռեժիսոր, լույսի գծով նկարիչ եւ այլն, քանի որ նման մասնագետներ մեր բուհերը չեն պատրաստում։ Մինչդեռ ժամանակին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում մի քանի որոշումներ են կայացվել բեմի տեխնիկական սպասարկման մասնագետներ պատրաստելու մասին (նաեւ բեմի մեքենավար, տեխնիկական ռեժիսոր, էկրանային համակարգի մասնագետ եւ այլն), բայց մինչ օրս դրանք մնացել են թղթի վրա։ Հատկապես հնչյունային ռեժիսոր եւ լույսի գծով նկարիչ միշտ հրավիրվել են, օրինակ՝ 2013թ. Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրական աշխատանքներն իրականացնելու համար հրավիրվեց լույսի գծով նկարիչ՝ Մարիինյան թատրոնում «Հոֆմանի հեքիաթները» ներկայացման համար «Ոսկե դիմակի» արժանացած Ալեքսանդր Սիվաեւը։ Իսկ թե մինչեւ երբ կշարունակվի մեզ մոտ հիշյալ մասնագետների սովը, դժվար է նույնիսկ կանխատեսել։

Գանք «Մարդուկ-Ջարդուկի» երաժշտության ձայնագրմանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ թատրոնն ընկած է հնչյունային ռեժիսոր որոնելու հետեւից։ Պարզվում է՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, Երեւանում է, այն էլ առաջին անգամ, ռուս ճանաչված մասնագետ Գրիգորի Պարովիչնիկովը, որին էլ հրավիրել են իրականացնելու ձայնագրությունը։ Մինչ նրա հետ զրույցը ներկայացնելը տեղեկացնենք, որ երբ «Առավոտը» ժամանակին փաստել էր վերոնշյալ ավստրիական ընկերության կողմից օպերային թատրոնի տեխնիկական վերազինման մասին, հավելելով, թե պետք է արտասահմանում մասնագետների պատրաստում կամ վերապատրաստում, նախարարությունը արձագանքել էր, թե գիտակցում են, որ դա իրենց խնդիրն է եւ պետք չէ ավելորդ «դասեր տալ»։

Գրիգորի Պարովիչնիկովի հետ զրույցում պարզեցինք, որ նա շուրջ 15 տարի առաջ Բոստոնում ուսանել է Berklee քոլեջի երաժշտական ֆակուլտետում՝ ստանալով երաժշտական պրոդյուսերի եւ հնչյունային ռեժիսորի որակավորում։ Երկրորդ մասնագիտությունն էլ՝ երաժշտության փիլիսոփայություն, մեր զրուցակիցը ձեռք է բերել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։ «Ճամփորդելու նպատակով կնոջս հետ այցելել ենք Հայաստան։ Աշխատանքի բերումով բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ամերիկայում։ «Շչելկունչիկը» ձայնագրել եմ Լոս Անջելեսում։ Գուցե առաջ ընկնելով ասեմ, թեեւ կարող է մի փոքր վերամբարձ հնչել, որ ձայնագրությունը հիանալի ստացվեց։ Երեւանում գտնվելու օրերին պատահաբար հանդիպեցի իմ ասիստենտին՝ Ալեքսանդր Դուբրովսկուն, որը Հայաստանում է նույնպես ճամփորդելու նպատակով։ Կարճ ասած՝ մեկուկես ժամ տեւող Չայկովսկու երաժշտությունը մենք ձայնագրեցինք չորսուկես ժամում։ Իսկ ընդհանրապես այդ աշխատանքի համար պահանջվում է 2-3 օր։ Լավ, գուցե շատ գովեցի մեզ։ Իսկ գովեստի արժանի է ձեր նվագախումբը եւ, իհարկե, մաեստրո Դուրգարյանը։ Ասեմ նաեւ, որ հանրահայտ բալետմայստեր Կովտունի եւ բեմադրող դիրիժոր Դուրգարյանի երեւանյան «Շչելկունչիկի» տարբերակը՝ օրիգինալի հետ համեմատ, լավ իմաստով յուրահատուկ է, անկասկած՝ շնորհիվ բեմադրիչի եւ դիրիժորի»,- ասաց մեր զրուցակիցը։ Շնորհակալական խոսքեր ուղղեց նաեւ թատրոնի ինժեներների, տեխնիկների հասցեին, որոնք թեեւ, իր խոսքերով՝ գեղարվեստական ձայնագրության հետ որեւէ կապ չունեին, բայց ապահովել են ձայնագրության բնականոն ընթացքը, օրինակ՝ հենց թեկուզ տեղադրել են 15 միկրոֆոն։

Հարցին՝ 2013թ. տեղադրված սարքավորումները բավարարո՞ւմ են այսօրվա պահանջներին, Գրիգորի Պարովիչնիկովը նախ ժպտալով նշեց, թե տպավորություն էր, թե ինքն է առաջինը դրանք օգտագործում, ապա պատասխանեց. «Ձեր թատրոնի տեխնիկան դեռ երկար կարող է ծառայել։ Անկասկած, տեխնիկան օրեցօր է կատարելագործվում։ Ցանկության դեպքում կարելի է եղածը փոքր-ինչ մոդեռնիզացնել, բայց, կրկնում եմ՝ այն դեռ կարող է երկար ծառայել թատրոնին»։ Զրույցի ընթացքում նաեւ տեղեկացանք, որ դեռ 14 տարեկանում իրեն հրավիրել են Գնեսնների ինստիտուտ սովորելու՝ կոմպոզիտորական բաժնում. «Երաժշտություն սկսել եմ գրել 11 տարեկանից։ Բայց հետո կոմպոզիտորական արվեստը, այսինքն՝ հետաքրքրությունը երաժշտություն ստեղծելու նկատմամբ վերաճեց հետաքրքրության ձայնի հանդեպ։ Ընդհանրապես համոզվել եմ, որ երաժշտական պրոդյուսերը եւ հնչյունային ռեժիսորը կարծես «թարգմանիչ» լինի կոմպոզիտորի եւ մեկնաբանողի միջեւ»։ Հետաքրքրությանը՝ գուցե մեր թատրոնի տեխնիկների հետ, եթե երկար ժամանակով է գտնվելու Հայաստանում, վարպետության դասեր անցկացնի, մասնագետն ասաց, որ հնարավոր է մոտ երկու ամիս մնան Հայաստանում եւ պատրաստ է վարպետության դասեր անցկացնել, ինչի մասին հայտնել է մաեստրո Դուրգարյանին։ «Ես ու կինս աշխատանքիս բերումով շատ երկրներում ենք եղել՝ Ամերիկայից մինչեւ Ճապոնիա, բայց, հավատացնում եմ՝ Հայաստանը «ամենահամեղ» երկիրն է աշխարհում։ Թեեւ 5 կիլոգրամով քաշս ավելացել է, ինչին կինս այնքան էլ լավ չի վերաբերվում, բայց նա էլ սիրահարվել է ձեր երկրին»,- կատակեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է երկրորդ մասնագիտությանը՝ երաժշտության փիլիսոփայությանը, Գրիգորի Պարովիչնիկովն ասաց, որ այն ուղիղ կապ ունի մարդկային կյանքի հետ. «Տեսեք, անկախ երաժշտական նախասիրություններից, մարդիկ՝ մեծամասամբ, իհարկե, երիտասարդները, քայլելիս, սնվելիս եւ այլն, երաժշտություն են լսում, որը այդ պահին մեծ ազդեցություն է ունենում նրանց տրամադրության վրա։ Կրկնում եմ՝ երաժշտությունը, անկախ ժանրից, եւ, ինչպես ասացի՝ նախասիրությունից, անբաժան է մարդկային կյանքից։ Առաջին մասնագիտությունս թույլ չի տալիս, որ երաժշտության փիլիսոփայության ոլորտում առաջընթաց ունենամ, ասենք՝ հրատարակեմ գրքեր, բայց աշխատություններիցս մեկը՝ «Երաժշտության ազդեցության ֆենոմենը», շատ տարածված է, ինչի առիթով բազմաթիվ նամակներ եմ ստանում»։

Հետաքրքրությանը՝ օպերային թատրոնը ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով իրեն «գտավ», մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ հայաստանցի ընկերներն իրեն ծանոթացրել են թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ. «Ստացվեց, որ ծանոթությունը ճիշտ ժամանակին էր…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վ. Սարոյանի պիեսներից մեկում, պանդոկապանը իր աշակերտին հարցնում է – ,,Ո՞րն է լավ սուրճի և շատ լավ սուրճի տարբերությունը ,, և պատասխանում է – ,, Գովազդը,, … Հիմա ես եմ հարցնում՝ ո՞րն է լավ ձայնագրության և շատ լավ ձայնագրության տարբերությունը և նույն պատասխանն եմ տալիս՝ Գովա՜զդը … Ըստ իս, դասական երաժշտությունը պետք է հնչի կենդանի կատարումով, առանց ձայնագրության …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031