Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսանկարչությունը եւ հոբի է, եւ մասնագիտություն»

Մարտ 24,2022 13:00

Պատանի լուսանկարիչը հաղթել է միջազգային մրցույթում

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող, 16-ամյա լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանը վերջերս արժանացել է Dali’s Mustache (Դալիի բեղերը) միջազգային մրցույթի 1-ին մրցանակին: Կիրառական եւ դեկորատիվ արվեստի, դիզայնի եւ լուսանկարչության միջազգային այս առցանց մրցույթը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 60 երկրից եւ մրցել 7 տարիքային խմբերում, տեղի է ունեցել Իսպանիայում։ «Առավոտի» հետ զրույցում Հակոբը պատմեց, որ մրցույթի մասին պատահաբար համացանցից է տեղեկացել ու որոշել է մասնակցել եւ փորձել իր ուժերը: «Շատ ուրախացա, որ հաղթեցի մրցույթում եւ կարողացա ուրախացնել իմ կուրսղեկին ու ընտանիքի անդամներին: Հավաքել եմ 100-ից 91 միավոր եւ առաջին հորիզոնականում եմ հայտնվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա պատրաստվում է ամռանը մեկնել Իսպանիա` եւս մեկ մրցույթի մասնակցելու: Հակոբն ասում է, որ լուսանկարչությունն իր համար եւ հոբի է, եւ մասնագիտություն, ներշնչվել է հատկապես անվանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի հաջողություններով: «Իմ կուրսղեկն ինձ օգնում է, որ ավելի գրագետ լուսանկարներ նկարեմ»,-հավելում է Հակոբը: Պարզեցինք, որ նա հետաքրքրվում է նաեւ ֆիզիկայով, աստղագիտությամբ, ռազմական ավիացիայով, զբաղվում է անօդաչուների ստեղծմամբ եւ ծրագրավորմամբ, պատրաստում է էլեկտրական եւ օպտիկական սարքեր։

Հակոբ Հովհաննիսյանի կուրսի ղեկավար Գեղամ Հախվերդյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում աշխատում է 2016 թվականից, եւ ամեն տարի քոլեջի ներսում անցկացվում են մրցույթներ, իրականացնում լուսանկարչական ցուցահանդեսներ, որոնց լուսանկարիչներից զատ, մասնակցում են նաեւ ռեժիսորները: Մասնագետը նշում է, որ լուսանկարիչը ոչ միայն «լավ աչք» պետք է ունենա, այլեւ վարժեցնի աչքը` ճիշտ կադր որսալու համար: Նրա ձեւակերպմամբ, ցանկացած տեղ էլ կարելի է տեսնել հետաքրքիր կադրեր, որոնք ասելիք ունենան: Գեղամ Հախվերդյանը բարդ է համարում հատկապես դիմանկարներ նկարելը. «Ցանկացած դիմանկար նկարելու համար պետք է գտնել կերպարի ճիշտ կետը, ռակուրսը եւ լուսավորվածությունը, աչքերի արտահայտությունը, ամեն դետալն այս պարագայում կարեւոր է»:

Գեղամ Հախվերդյանը նաեւ կարծում է, որ ասելիքով կադր ստանալու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ գերթանկարժեք լուսանկարչական սարք ունենալ. «Որակային առումով լավ է, իհարկե, որ պրոֆեսիոնալ լուսանկարչական սարք լինի, ինչ վերաբերում է գրագետ նկարահանմանը, ճիշտ կադրին ու գեղագիտական ճաշակ արտահայտելուն, կարելի է եւ առանց դրա ստանալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարները` քոլեջի կայքից:

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031