Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Պատվիրանը»

Մարտ 24,2022 12:30

Հեղինակը՝ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Հովիկ Գրիգորյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ Դպրոցական տարիներից ստեղծագործել, տպագրվել է «Պիոներ կանչ», «Ծիծեռնակ», «Պիոներ», «Ավանգարդ», «Գարուն», «Թռիչք» շրջանային թերթերում ու ամսագրերում…, հնչել Հանրային ռադիոյով։ Ավելի քան 10 գիրք է լույս ընծայել, Ազգային ազատագրական պայքարի բովով անցել, հայորդիների հերոսական դրվագները գրքի տեսքով ներկայացրել, արժանացել ՀԳՄ, ՀՀ ՊՆ մրցանակների։

Վերջերս լույս տեսած «Պատվիրանը» հասցեագրված է մանկապատանեկան հասակի երեխաներին: Նախորդ՝ «Ոգեղեն զանգեր» գրքի ոգեշունչ շարունակությունն է։ Այն յուրօրինակ բնույթի է, բանաստեղծական մտածողությամբ հարուստ։ Գրքում առկա է ռազմահայրենասիրական ոգին, որը գալիս է դարերի խորքից՝ սերմանելու սեր դեպի հայրենյաց ակունքները, մարդկայինը, արժեւորելով մեզ սրբորեն պահ տրված հոգեւոր գանձերը։

Ժողովածուն բացվում է «Պատվիրանը» համանուն բանաստեղծությամբ, որն ուղղորդված է հայ մանուկներին՝ գալիքի հայկազուններին.

…Ազնիվ լինել
Կյանքում՝ միշտ,
Լինել ուժեղ,
Լինել ճիշտ»։
Պատվիրանն է իմ պապի…։

Նմանատիպ գործերի թվին են պատկանում «Ես Հայաստանն եմ», «Զինվոր Վահեն», «Դավիթն ու պապը», «Պապս ասում է»…,

Հայաստանը՝
Վաղնջական երգ է,
Վառ գալիքի եռք է
Հայաստանը։
Ցավին նման չունի,
Աստվածների տունն է
Հայաստանը։
Փոքր է արեւի պես,
Խորն է երկինքն ինչպես
Հայաստանը։
Լուսե Մասիս սար է,
Հավերժի համար է
Հայաստանը։

Հայոց այբուբենին անդրադարձել են հայ գրողներից շատերը, սակայն Հ. Գրիգորյանի «Տառադարան»-ը յուրօրինակ է թե՛ բանաստեղծությունների հորինվածքով, թե՛ խոհափիլիսոփայական ուրույն դրսեւորումներով։

Օրինակ՝

Ի-ն ինքնաթիռ չէ,
Ոչ էլ իլիկ է,
Ոչ էլ զամբյուղով
Լի խաղալիք է.
Իրական սար է,
Երկնքի մեջ է,
Երկինքը սարով
Իմ պապի մեջ է.
Պապս ասում է՝
Ինքն էլ իմ մեջ է։

Կ-ն՝ կարոտ է խենթ,
Որից երգում են,
Թեւերը նրա
Յոթ երկնքում են։

«Տառադարան»-ը ավարտվում է այսպիսի պատվիրանով.

Քո հայրենիքը՝
Հայոց աշխարհն է,
Հայոց աշխարհի՝
Սուրբ բառ ու բանն է…
Երկինքը լազուր՝
Քո սուրբ լեռներով,
Հայոց տառերի
Այս սուրբ բեռներով՝
Ողջ Հայաստանն է…
Ողջ Հայաստանն է։

Հեղինակի գրելաոճը գրավիչ է, դյուրահունչ, ներդաշնակ հնչունային համակարգին։

«Կիսված հաղթանակ»-ը այլաբանական մտածողության պատում է, որտեղ օգտագործված են հայ մտքի բառ ու բանի իմաստությունը։ Խորհրդանշում է հայ հավաքական կերպարի միասնական հզոր ուժի ու զորության հավերժականությունը.

Թագը տրվեց
Թագավորին,
Հարգանք,
Պատիվ՝
Սգավորին,
Ողջ անտառի
Միակ տերը,
Դարձավ Աստծո
Խիղճն ու սերը։

Գիրքը հայրենաշունչ է, ուսանելի, գրված ընթերցող լայն շրջանակների համար։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031