Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անձրեւին, ձնաբքին սահմանին կանգնած զինվորը 185 հազար դրամ է ստանում, հարմարավետ պայմաններում աշխատող պարեկը՝ 350 հազար

Մարտ 24,2022 14:30

Հայոց բանակի զինծառայողը խորապես վիրավորված է

Խաչիկ Բարսեղյանը 13 տարի ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Դիրքապահ է: Ասում է՝ գիշեր-ցերեկ, անձրեւին, կայծակին, կարկուտին ու ձնաբուքին զինվորը սահմանին է, եւ հենց նա պետք է առաջնահերթ գտնվի պետության հոգածության ներքո: Սակայն այսօր ինքը եւ իր պես սահման պահող հազարավոր զինծառայողներ անտեսված են: Խաչիկն ասում է՝ իր եւ զինակից ընկերների համբերության բաժակը լցվել է, երբ տեղեկացել է, որ կառավարության պատասխանատուներն իրենց խոստումները չեն կատարելու եւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրացնելու: Ասում է՝ երկրի խառը վիճակում լինելու, բյուջեում փող չլինելու արդարացումներն էլ անընդունելի են, որովհետեւ ականատեսն են՝ պատգամավորներն ու պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ են ստանում, գրպանի ծախս, օր օրի պարեկների աշխատավարձն է բարձրանում:

«Շարքային զինծառայողին թող գոնե պարեկի չափ աշխատավարձ տան, բոլորն էլ գոհ կլինեն, բազմաթիվ հարցեր կլուծեն, չեն խեղճանա ու ավելի ոգեւորված կծառայեն: Բայց փոխարենը 24-ժամ զբաղված են խնդիրները հաղթահարելով»,-ասում է Խաչիկ Բարսեղյանը: Նրա խոսքով, այդքան աշխատավարձով միայն նվիրյալներն են աշխատում, իսկ այդպես, շարունակաբար անտեսված լինելու պարագայում նրանք էլ կհիասթափվեն. «Շատերին գիտեմ, որ այլեւս չեն ցանկանում ծառայել, աշխատանքից դուրս են գալիս: Այսօր գործն են լքում, վաղը՝ երկիրն են լքելու ու այդպես դատարկվելու են գյուղերը, քաղաքները, բայց այսօր ամեն վայրկյան պետք է գիտակցել պահի լրջությունը: Եթե չլինեն մեր հայրենասեր հրամանատարները, որոնք ոգեւորում են, հույս տալիս, որ լավ կլինի, որեւէ մեկը չի ցանկանա այլեւս այդքան քիչ գումարով աշխատել: Հույսով սպասում էին, որ աշխատավարձերը բարձրացնելու են, արդեն ծրագրեր էինք կազմել, բայց մոտ օրերս տեղեկացա, որ ոչ մի բարձրացում էլ չի լինելու»:

Խաչիկ Բարսեղյանի խոսքով, իրենց եւ պարեկի կատարած աշխատանքը նույնը չէ. ձնին ու անձրեւին կամ կիզիչ արեւին սահմանին կանգնած զինվորը՝ պայմանագրային զինծառայողը, 185 հազար դրամ աշխատավարձ է ստանում, պարեկը, որը հով կամ տաք նստած է իր ավտոմեքենայում՝ 350 հազար դրամ, ինչը խիստ վիրավորական է. «Մեր հողն ու պետականությունն է, դրա համար էլ մնում ենք ծառայում՝ անկախ եղանակային պայմաններից, բայց այդ վերաբերմունքը նվաստացուցիչ է ու անհասկանալի՝ ի՞նչ արժեքներով է կառավարությունն առաջնորդվում»:

Խաչիկի խոսքով, պայմանագրային զինծառայողներն այդ գումարով չգիտեն վարկե՞րը վճարեն, տուն պահեն, թե երեխաների հարցերը հոգան. «Էս հոգեվիճակով ո՞նց կարող ենք մենք մեզ հանգիստ ու ապահով զգալ, սահման պահել ու ապագայի մասին ծրագրեր կազմել, ո՞նց»,-կառավարության պատասխանատուներին հարցնում է Խաչիկ Բարսեղյանը: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ զինվորն է սահմանի ամրությունը, սակայն նրանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից պարզ է դառնում, որ կառավարության պաշտոնյաներն այդպես չեն մտածում. «Ավտոբուսի վարորդը ստանում է 350 հազար դրամ աշխատավարձ: Երբ խոսք է գնում զինծառայողի աշխատավարձի մասին, ասում են՝ բյուջեում փող չկա: Խոստացել էին, թե այս տարի կբարձրացնեն, բայց տարին եկավ էլ անցավ էլ, ոչ մի խոսք այդ մասին: Ինչի՞ իրենք չգիտե՞ն ինչ դժվար պայմաններում ենք մենք ծառայում, հատկապես՝ այս վերջին մեկ-երկու տարին, հակառակորդի հետ դեմ՝ դիմաց: Շատ բաների ենք դիմանում, հաղթահարում, բայց գնահատող չկա: Այս ամենը կհիասթափեցնի մեր զինվորներին եւ ազգովի կկանգնենք լուրջ խնդիրների առաջ»:

Խաչիկ Բարսեղյանը նաեւ վիրավորված է, որ ամեն կառավարության նիստին լսում են՝ այս գործարարին են խրախուսում, նրան՝ արտոնություն տալիս, երրորդին պարգեւատրում, բայց զինվորին ոչ ոք չի հիշում:

«Ինքս ունեմ 6 միլիոն վարկ եւ նման աշխատավարձով չեմ հասցնում: Եթե իրենք մտածում են, որ դա բավարար է, ապա թող իրենց աշխատավարձերն էլ այդքան դարձնեն ու ապրեն: Եթե չեն անում, ուրեմն մտածեն՝ ինչպես զինվորների հոգսը թեթեւացնեն՝ վարկերի տոկոսները սուբսիդավորեն, արտոնյալ պայմաններով վարկեր տան մեզ կամ մեկ այլ արտոնություն, որ մենք էլ զգանք՝ անտեսված չենք»,-ասում է Խաչիկ Բարսեղյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031