Կրեմլը խուսափեց Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված դիմումի մասին հիշատակել
Բաքվից Երեւանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, օրերս ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այսպիսով, Բաքվի ներկայացված 5 կետերին, կարելի է ասել, որ պաշտոնական Երեւանը պատասխանեց արտգործնախարարի մակարդակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, մասնավորապես, առաջարկում էր ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ «Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, եւ մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այս օրակարգը: Մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կարող եմ բառացի ասել՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը», – ԱԺ-ում նշեց արտգործնախարարը։
Իսկ թե ի՞նչ արձագանք կա ԵԱՀԿ Մինսկի խմբից պաշտոնական Երեւանի ներկայացրած դիմումի վերաբերյալ, Միրզոյանը նշել էր, թե կպատասխանի միայն դռնփակ նիստում։ Այնուամենայնիվ, Միրզոյանը շեշտել է, որ՝ «Արցախի հայության բոլոր իրավունքները եւ Արցախի կարգավիճակը» Հայաստանի համար մնում են սկզբունքային:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ Միրզոյանը չի պարզաբանել այն փաստը, թե ինչու պաշտոնական Բաքուն ներկայացրեց 5 կետանոց փաթեթ՝ անմիջապես Երեւանի այն հայտարարությունից հետո, որ առաջիկայում կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Նկատենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հույս էր հայտնել, որ «Հայաստանը հեշտությամբ կընդունի ադրբեջանական նոր փաստաթուղթը»։
Այսպես, պետք է արձանագրել, ոչ Հայաստանի իշխանության օրակարգում է եւ կառավարության նպատակներից է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը։ Պաշտոնական Երեւանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն հստակ չէ, թե սկսելո՞ւ են բանակցություններ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման շուրջ։ Բաքվի հետ բանակցություններ սկսելու համար Երեւանը շեշտում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, որի երեք հիմնական դրույթներն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները։
Եվ ի վերջո, Ադրբեջանի իշխանությունները նահանջե՞լ են «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունեցած իրենց դիրքորոշումից: Օրերս «Ա1+»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատել է, թե՝ «վերջին մեկ-երկու ամսում, Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջ չի լսել» եւ հավելել է, թե իր կարծիքով՝ Թուրքիան նահանջել է այդ գաղափարից, աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես՝ Իրանի դերակատարության արդյունքում. «Այն, ինչը որ Ադրբեջանն ու Թուրքիան համարում էին Զանգեզուրի միջանցք, դա ոչ թե ինչ-որ բան կապելու, այլ ինչ-որ բան անջատելու գաղափար էր, Հայաստանը Իրանից անջատելու գաղափար էր։ Կարծում եմ, նրանք նահանջել են այդ պահանջից»։
ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներն արդեն քննարկել ենք: Իսկ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի, Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի դիրքորոշումը:
Մարտի 16-ին կայացավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք անդրադարձել էին նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Մինսկի խմբում կազմակերպելու Հայաստանի դիմումին։ «Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը», ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Սակայն, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումն այս ուղղությամբ՝ հայտնի չէ։
Իսկ ահա Փաշինյան-Պուտին նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունում՝ «Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումի» մասին ընդհանրապես որեւէ հիշատակում չկա: Կրեմլի հաղորդագրությունում ասվում է ընդամենը, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացների ուղղությամբ վերջերս կայացած շփումների մասին:
Նկատենք, որ Ռուսաստանից եղել է ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով արձագանք: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստումը սկսելու՝ Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը եւ վերահաստատում ենք բանակցային գործընթացին ամեն կերպ օժանդակելու մեր տրամադրվածությունը»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, սակայն հարկ էր համարել նաեւ ընդգծել, թե առայժմ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներից։
Նշենք նաեւ, որ մարտի 21-ին հեռախոսազրույց էր կայացել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ նրանք անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին. «ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նաեւ իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ: ՌԴ ԱԳՆ-ն կրկին հայտնում էր, որ քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների առանցքային դրույթների իրականացման ընթացքը: Բացի այդ, նախարարները նաեւ անդրադարձել էին 3+3 խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքներին:
Այսպիսով, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման կողմնակի՞ց է, թե՞ նախընտրում է պահպանել Հայաստան-Ադրբեջան շփումներում միակ միջնորդի դերը եւ շարունակել եռակողմ ձեւաչափով բանակցությունները՝ բացառապես իր հովանու ներքո: Ռուս-ուկրաինական դիմակայության պայմաններում Մոսկվայի որոշումը, թերեւս, կախված է լինելու այլ հանգամանքներից: Այս պահի դրությամբ, կարելի է միայն արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման, նույնիսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասով, Մոսկվայի սպասելիքներն առայժմ զուսպ են:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 23.03.2022