Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանին գովերգելու նպատակ չեմ ունեցել». Աղվան Վարդանյան

Մարտ 23,2022 23:33

Երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «հիշողության թարմացում» արեց ՔՊ-ականների համար ու 1992-ին Շուշիի ազատագրումից հետո երկրում տիրող իրավիճակը համեմատեց ներկայիս իրավիճակի հետ: Նա նշեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը. «Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։ Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ զարմանալի է, որ դուք, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանին հակառակորդ ուժ, նրան, ըստ էության դրվատում եք, որ նա այդ իրավիճակում գնաց այդ քայլին, իսկ այս իշխանությունները տարբերվում են, բացի այդ, երբ ասում եք՝ «ով խախտեց դրանք, վատ է վերջացնելու», ի՞նչ նկատի ունեք, այս սպառնալիքը ի՞նչ է նշանակում:

Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանին գովերգելու նպատակ չեմ ունեցել: Խոսքը տվյալ ժամանակաշրջանի իրավիճակի մասին էր, երբ որ իշխանությունն ի վերջո պարտադրված էր նաեւ ընդդիմությանն ընդառաջելու, որովհետեւ վիճակն այնպիսին էր Հայաստանում եւ Արցախում, որ միակ տարբերակը համախմբվելն էր եւ հնարավոր ուժերը մոբիլիզացնելը, բոլոր կարողություններն օգտագործելը: Սա ոչ միայն Գերագույն խորհրդի որոշմանն էր վերաբերում, վերաբերում էր նաեւ Վազգեն Սարգսյանի կոչին, Արցախում պետական պաշտպանության կոմիտե ստեղծելուն, վերաբերում էր Վազգեն Մանուկյանին պետնախարար եւ պաշտպանության նախարար նշանակելուն եւ մենք տեսանք դրա իրական արդյունքները: Ցավոք, այսօրվա իշխանությունը պարփակված է իր մեջ, ինքը իրենից դուրս որեւէ բան չի պատկերացնում: Այն ավերները, որ ինքը բերել է մեր երկրի եւ Արցախի գլխին, չի ընդունում ու մի ձեռագիր են որդեգրել՝ ցանկացած իրենց արածը փորձում են վերագրել ընդդիմությանը՝ նախկիններին: Եթե նրանք այնքան հասունություն ու պետական մտածողություն ունենային, այն բոլոր առաջարկությունները, որ բերում է ընդդիմությունը՝ Շուշիի հռչակագրի հետ կապված, Արցախի իրավիճակի հետ կապված, տեսնում եք, որ բոլորը մերժում են, որեւէ բան չեն ընդունում: Մենք ունենք այն, ինչ ունենք: Եթե իմ ասածը սպառնալիք է ընկալվել, գուցե ավելի լավ, բայց սա պատմական տրամաբանությունն է, սա իրողություն է: Իհարկե, մենք ունենք այսօր գործող ԳԽ որոշում Արցախի վերաբերյալ, որ չի կարող լինել այնպիսի փաստաթուղթ, որ Արցախը համարի Ադրբեջանի կազմում: Մենք ունենք ուժի մեջ մտած ՍԴ-ի որոշում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ դրանք այսօր գործում են: Ու բնական է, պատմական տրամաբանությունը հուշում է, որ ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»:

Հարցին՝ եթե ձեզ պաշտոններ առաջարկեր այս իշխանությունը, դուք կհամաձայնե՞իք այս իշխանության ներքո ստանձնել դրանք, այնպես, ինչպես դա արեց ժամանակին Վազգեն Մանուկյանը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Շատ թեորետիկ հարց եք տալիս: Նրանք այդ ամենը պիտի անեին պատերազմի առաջին օրերից սկսած՝ այդ համախմբումը, բոլոր ուժերի ներառումը: Դուք տեսաք ինչ կատարվեց՝ բոլոր նախկին առանցքային դերակատար մարդիկ մեկուսացվեցին պատերազմից՝ ե՛ւ գեներալներ, ե՛ւ նախկին նախարար, նախագահները, այսինքն, ակնկալել իրենցից, որ կգնային պետական համախմբման, լուրջ չի»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ պատերազմի առաջին շրջանում իշխանություններին առաջարկվել է համախմբվել, բոլոր քաղաքական ուժերը իրենց տարաձայնությունները թողել են ու պատրաստակամություն են հայտնել համախմբվել ու պայքարել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, չեն ընդունել:

Հարցին՝ դուք պարբերաբար հանդիպումներ եք ունենում իշխանականների հետ փակ, բաց, կիսաբաց, բայց ոչ մի արդյունք չկա դրանից, ձեզ Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց, ասաց՝ փոխեք ձեր մոտեցումը, ի՞նչ եք գնում քննարկում, կա՛մ փոխեք, կա՛մ հանձնեք ձեր մանդատները, ի՞նչ կարծիք ունեք դրա մասին՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մարդն իր կարծիքն ունի, որը կարող է սխալ լինել: Ամեն մարդ իր մոտեցումն ու իր պատկերացումն ունի այս ընթացքի վերաբերյալ: Իմ տեսակետները պարոն Հակոբյանի տեսակետների հետ չեն համընկնում»:

Հարցին՝ ինչո՞վ է արդյունավետ ձեր աշխատանքն այսօր ԱԺ-ում, եթե մեծամասնություն չեք ու ձեր նախագծերը չեն անցնում՝ նա պատասխանեց. «Թող պարոն Հակոբյանն ասի, թե իր առաջարկությունը որքանով է արդյունավետ»:

Մանրամասները շուտով՝  տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031