Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը հայտարարեց, որ «5-րդ շարասյան առաջնորդը» կեղծում է, բանակը ցեխին են հավասարեցնում ու ընդդիմությանը հրավիրեց ՊՆ

Մարտ 23,2022 21:33

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց. «Երբ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը խախտվում է, դրսեւորում ենք բացառիկ հանդուրժողականություն ու պարզ չի՝ որեւէ բան անո՞ւմ են դա վերականգնելու համար: Նման մի երեւույթ Կապանի Ներքին Հանդում է եղել, երբ թշնամին հերթական անգամ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք ու բնակիչներն են արոտավայր գնալիս նկատել, որ  ադրբեջանցիները վրաններ են տեղադրել ու մտել ՀՀ տարածք: ՊՆ փոխնախարարը սկզբում հերքում էր, հետո հաղորդագրություն տարածվեց, թե՝ այո, ադրբեջանցիներ տեղակայված են, բայց դա ադրբեջանական վերահսկողության տարածք է:

Հետո ՊՆ նախարարի Սյունիք այցելությունից հետո տեսահոլովակ է դուրս գալիս, որտեղ հաստատվում է, որ ադրբեջանցիները, այո, խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց դա տեղի չի ունեցել հիմա, տեղի է ունեցել նախորդ տարի: 3 հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը, այն դեպքում, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս են եկել ու հիմա են այդ դիրքերը զբաղեցնում, ինչո՞ւ հայկական կողմը դրանք չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց բախումների դիրքի զբաղեցում: Եվ երրորդը՝ ինչու է ՀՀ քաղաքացին ինքը գնում ու տեսնում, որ այնտեղ ադրբեջանցիներ են տեղակայված, ինչո՞ւ չկա այդ խողովակը՝ մարդկանց զգուշացնելու վտանգի մասին»:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Շատ կարեւոր է, որ բարձրաձայնած հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն: Ուրախ կլինեմ նաեւ, որ արտահայտված սուտը, կամ կեղծիքը, որ տարածվում է, պարզապես տպավորության արդյունք լինի եւ ոչ թե կանխամտածված քայլ, որովհետեւ այն, ինչ դուք ասում եք, իրականության հետ ոչ մի աղերս չունի: Բա գիտեք, գյուղացին գնաց ու հայտնաբերեց, որ հակառակորդը հայտնվել է իր դիրքում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին ՊՆ-ն տեղյակ չէր, կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին: Այսինքն, հրապարակային ամեն ինչ պիտի խոսե՞նք: Դա ձեր գործելաոճն է՝ հրապարակայնացնել այն, ինչ կարիք չկա հրապարակայնացնել: Դա 5-րդ շարասյան գործն է համոզել համայնքապետին խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից: Սրանք ապացուցված փաստեր են: Ես չեմ կարող ամբիոնից հաստատել այն կեղծիքը ու ասել, որ այո, ճիշտ է ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանեմ այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից: Սա սովորական կեղծիք է, մանիպուլյացիա է: Լավ, ՊՆ-ն չարձագանքի, մինչեւ ե՞րբ պիտի դա դառնա հանրային քննարկման առարկա, որպեսզի ՊՆ-ն ստիպված լինի խոսել նրա մասին, որ իքս ժամանակահատվածում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել են իքս տեղերում դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այլ դիրքեր: Ի՞նչ, հրապարակային նշենք, թե ո՞ր հատվածներում են գտնվում մեր դիրքերը: Լավ, վերջապես մենք պիտի՞ ունենանք հանրային գիտակցություն՝ հասկանալու համար, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով: Ես անկեղծորեն ամաչում եմ յուրաքանչյուրի փոխարեն, ով փորձում է ակնհայտ սուտը դարձնել մատի փաթաթան ու հանրությանը ապակողմնորոշել: Ես ամաչում եմ, որ մենք օրեր շարունակ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել, ոչ թե գտնենք առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը»:

Աննա Գրիգորյանն ասաց, որ չգիտի, թե 5-րդ շարասյուն ասելով՝ ինչ նկատի ունի, բայց Պապիկյանից նման մանիպուլյատիվ ու ոչ բովանդակային պատասխան չէր սպասում:

Նա նաեւ հարցրեց՝ Ներքին Հանդ մտնելիս ռուս սահմանապահները ինչ-որ անցակետ են տեղադրում, մարդիկ հարցնում են՝ դա ի՞նչ անցակետ է, միգուցե նոր ծրագրի մա՞ս է:

Պապիկյանը պատասխանեց. «Դա ճանապարհի վերահսկողության համար է: Այդ հարցը իմ մոտ առաջացել է, ինքս եղել եմ Ներքին Հանդում, տեղակայման վայրում: Դա ժամանակ առ ժամանակ օրվա մեջ մի քանի անգամ երթեւեկող սահմանապահ զորքերի մասին է, այստեղ որեւէ խնդիր չկա, ձեզ վստահեցնում եմ: Որեւէ խոչընդոտ չկա»:

Պապիկյանը հորդորեց ընդդիմադրներին հարցեր ունենալու դեպքում գնան ՊՆ, ասաց՝ մեր դռները բաց են, բայց պետք է վերջ տան այս գործելաոճին, որովհետեւ հրապարակային ամեն ինչ չի կարելի քննարկել, դա լավ տեղ չի տանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031