Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հարցը տայիք Ռոբերտ Քոչարյանին, երբ իջնում էր Ստամբուլից վերադարձած օդանավից»․ Արարատ Միրզոյանը՝ պատգամավորին

Մարտ 23,2022 21:12

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ քանի անգամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրին, թե որո՞նք են ՀՀ -ի առաջարկները՝ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների, սակայն բոլոր դեպքերում Արարատ Միրզոյանը հղում է անում «Արմենպրեսին» տված հարցազրույցին ու պնդում, որ դրանում պատասխանը կա։ Պատգամավորը հորդորեց հարգել խորհրդարանն ու քաղաքացիներին եւ ի վերջո պատասխանել՝ որո՞նք են ՀՀ-ի կետերն  ու սկզբունքները։

«Հայկական կողմի համար կարո՞ղ է լինել կարգավորման որեւէ տարբերակ, որը ենթադրում է Արցախի՝ որեւէ կարգավիճակում ներառում Ադրբեջանի կազմում»,-նաեւ հարցրեց Ագնեսա Խամոյանը։ Արարատ Միրզոյանը պատասխանեց նույնը՝ հարցերի պատասխանները կարող եք գտնել «Արմենպրեսին» տված հարցազրույցում․ «Սա հղում է հենց իմ բառերին։ Եթե այսքանից հետո չեք պատկերացնում, ես ձեզ հրավիրում եմ ԱԳՆ, փաստաթուղթը կտպեմ, կտամ կկարդաք։ Եթե ուզում եք ժամանակ խնայել, ապա հարցազրույցից հանեք հարցերը եւ պատասխանները կտեսնեք ճշգրտությամբ»։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, Արարատ Միրզոյանն ասաց․ «Հիասթափեցնեմ ձեզ։ Այդ հարցն ուշացրել եք։ Այն պետք է բարձրաձայնեիք 91-92թթ․-ին։ Եւս մեկ հնարավորություն կար հարցն ուղղելու Ռոբերտ Քոչարյանին, երբ նա իջնում էր Ստամբուլից Երեւան վերադարձող օդանավից եւ խոսում Ստամբուլում տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին»։

Խամոյանը նորից կրկնեց նշյալ հարցն Արցախի կարգավիճակի մասին։ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ բանակցություններն Ադրբեջանի հետ պետք է ընթանան առանց նախապայմանների եւ իրենք պաշտպանելու են արցախահայության բոլոր իրավունքները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031