Ազատման դիմում է գրել ընդամենը վարչության 3 աշխատակից
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԵՊՀ լրատվական վարչությունը, որը հետագայում անվանվեց հանրային կապերի և մարքեթինգի վարչություն, գրեթե ամբողջովին դատարկվել է, եւ ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու հեռացել։ Նաեւ նշվում էր, որ աշխատակիցների հեռացման մեջ «դերակատարություն» ունի ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, որը մինչ ԵՊՀ գալը նախկինում աշխատել է Կենդանաբանական այգում:
Aravot.am-ը կապվեց Ազնիվ Գրիգորյանի հետ, հետաքրքրվեցինք, թե որն է ԵՊՀ աշխատակիցների դիմում գրելու պատճառը: «Ազատման դիմում է գրել ընդամենը վարչության 3 աշխատակից, իսկ վարչության աշխատանքները բնականոն շարունակվում են…Ամեն դեպքում, ես գնահատում եմ հեղինակի հումորը, որ հայաթափում բառն է օգտագործել, պարզապես անհարկի համեմատություն է արել»,-ասաց նա` նկատի ունենալով ԵՊՀ նախկին աշխատակից Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը:
Կարեն Հեքիմյանը գրել էր, որ ադրբեջանցիներն Արցախի գազն են անջատում, որպեսզի հայաթափեն Արցախը, ինչը նրանց չի հաջողվում, իսկ այդ ընթացքում ընթացքում, ԵՊՀ-ում աշխատակիցների համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի ազատվեն նրանցից, եւ «ԵՊՀ-ի ստորաբաժանումներից մեկն արդեն հայաթափվել է»:
Կարդացեք նաև
Ազնիվ Գրիգորյանը չհամաձայնեց մամուլում տարածված այն դիտարկման հետ, թե իր «ձեռքով» ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ազատվում է ԵՊՀ անցանկալի աշխատակիցներից: Նա ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ