ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը մեջբերեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետեւյալ բնորոշումը՝ «Ադրբեջանի առաջարկներում ՀՀ-ի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ դրանք ամբողջովին չեն հասցեագրում բանակցությունների ողջ օրակարգը» եւ հարցրեց․ «Պատրաստվո՞ւմ եք բանակցային գործընթացում ներառել ինքնորոշման իրավունքը, եւ երբ դիմել եք ԵԱՀԿ-ին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար, առաջարկների մեջ ներառվելո՞ւ է թուրքական ագրեսիայի, վարձկանների մասին գնահատականը»։
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հարցերի բոլոր պատասխանները կան եւ ներկայացված է, թե հայկական կողմն ինչ է առաջարկել։ Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Մի քանի անգամ կարդացել եմ հարցազրույցը, բայց դուք չեք ասում՝ որո՞նք են մեր դիրքորոշումները, դրանցում կա՞ Արցախի ինքնորոշման իրավունքը։ Թուրք-ադրբեջանական ագրեսիայի ռազմաքաղաքական գնահատական կա՞»։
Արարատ Միրզոյանը պնդեց նույն պատասխանն ու նշեց․ «Կարող ենք հրապարակել փաստաթուղթը, թեեւ պրակտիկայում նման բան ընդունված չէ։ Հարգելի գործընկերներ, իմ համար հեշտ է եւ եթե այդ մրցավազքը սկսվի՝ ես բոլորիդ կհաղթեմ ճոռոմ, հայրենասիրական, գեղեցիկ բառեր ասելու մրցույթում։ Վստահեցնում եմ։ Ավելի գեղեցիկ հայրենասիրական բառեր գիտեմ՝ ավելին, քան ձեր կյանքում լսեք եք։ Բայց ի տարբերություն ձեզ ես մտածում եմ, որ իմ բառերից կարող է մեկ այլ բան լինել։ Վատ չէր լինի, եթե դուք էլ պատասխանատվությամբ վերաբերվեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ