Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները պահանջում են Գնել Սանոսյանի հետ հանդիպում․ «Մեզ խոսք է տվել խոշորացման հարցը լուծի»

Մարտ 23,2022 20:00

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչներն այսօր փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանք պահանջում էին հանդիպում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բնակիչները դժգոհ են խոշորացումից, այս համայնքները միավորվելով ընդգրկվել են Սեւան խոշորացված համայնքում։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում էլ բնակիչներից որեւէ մեկը չի մասնակցել ընտրություններին։

«Մենք կառավարությանը դեմ չենք։ Մենք ունենք մեծ համայնքն, կարողանում ենք մեր նյութական հարցերը լուծենք, ու չենք ուզում մեր նյութականը տանենք տանք հարեւաններին։ Մի ամիս առաջ մենք ճանապարհը փակել էինք, բայց ցավոք, մեր գյուղապետը խնդրեց, որ ճանապարհը բացենք։ Իրան ասել էին, որ մի տասը օրից հարցին լուծում կտան։ Մեկ ամիս սպասեցինք, խաբեցին, հարցը չլուծեցին։ Բա հիմա ի՞նչ պատահեց, որ մի ամիս հետո մեզ արհամարհեցին։ Հիմա պահանջում ենք, որ նախարարը գա, մեր հարցին լուծում տա։ Մենք դեկտեմբերի 5-ին ընտրություններով պատասխանը տվել ենք, դեմ ենք արտահայտվել խոշորացմանը»,-ասում էին ցույցի մասնակիցները։

Նրանք պատմում էին, որ հարեւան համայնքները, որոնք արդեն հինգ ամիս է խոշորացման արդյունքում ներառվել են Սեւան խոշորացված համայնքում, բնակիչները դժգոհ են, ձյուն է եկել, ճանապարհները փակ են, չեն մաքրվել․«Մեզ խոշորացում պետք չի, մենք մեր գյուղով անում ենք, մեր գյուղապետին փառք, արագ մաքրում է ձյունը»։

Ցույցի մասնակիցներն ասում էին՝ եթե Գնել Սանոսյանը չհանդիպի գյուղացիների հետ, իրենք Սեւանի թունելն էլ են փակելու։

«Անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի էս գործին ընթացք տա։ Ծովագյուղ համայնքը պետք է լիարժեք ապրի։ Եթե մարդիկ կան, որ ուզում եմ մեր համայնքին միանան՝ թող գան միանան, մենք ոչ մեկին չենք միանա»,-դժգոհում էին գյուղացիները։

«Սանոսյանը մեզ խոստում ունի տված, խոսք է տվել, որ մենք փնջային տարբերակով պետք է խոշորանայինք, ոչ թե Սեւան համայնքի հետ։ Ինքը պիտի գա, պատասխան տա, ուրիշ տարբերակ չկա, մինչեւ վերջ պայքարելու ենք»,-ասում էին գյուղացիները։

Չնայած, որ բնակիչները սպասում են որեւէ որոշման՝ իրենց համայնքների համար, սակայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բազմիցս նշել է, որ այս համայնքների վերաբերյալ այլընտրանք չի քննարկվում, Ծովագյուղն ու Սեմյոնովկան իրավաբանորեն խոշորացված համայնքներ են՝ Սեւան խոշորացված համայնքի կազմում։

Խնդրի առնչությամբ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, նշելով՝ ուշադրությամբ հետեւում ենք ներկայացվող պահանջներին եւ ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ․«․․․Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները եւ իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031