«Արձանագրում ենք, որ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունների դադարեցումը, նրանց անազատության մեջ պահելն առանց դատարանի որոշմանը և նրանց փոխարեն կառավարության կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումն անընդունելի է»,- Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, ներկայացնելով Թուրքիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման հետ կապված մոնիտորինգային զեկույցը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ Կոնգրեսի զեկուցող Դեյվիդ Էրայը:
Նա ցավով նշեց, որ Թուրքիայում անցյալ տարի իրենց կողմից արձանագրված իրավիճակը չի բարելավվել 2016-ի հետ համեմատած, ընդհակառակը, բացասական դինամիկա է նկատվում: Զեկուցողը շարունակեց. «Թուրքիայում ընտրված քաղաքապետերի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Ընտրված պաշտոնյաները Թուրքիայում շարունակում են ազատազրկվել, դադարեցվում են նրանց լիազորություններն՝ առանց դատարանի որոշման»:
Նշենք, որ այս պրակտիկան վերջին շրջանում կիրառվում է նաև Հայաստանում. օրինակ՝ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորումները:
Լավ է, որ ԵԽ-ն Հայաստանում նման իրավիճակներին չի անդրադառնում, և Թուրքիայի հետ կապված զեկույցներն իրենց խիստ տոնայնությամբ առանձնանում են՝ ի տարբերություն Հայաստանի զեկույցների:
Կարդացեք նաև
Զեկույցում նաև ամրագրված է. «Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այլևս չշարունակել կառավարության կողմից վստահելի անձանց նշանակման պրակտիկան այն քաղաքապետարաններում, որտեղ համայնքի ընտրված ղեկավարների լիազորությունները դադարեցված են»: Զեկուցողը նշեց, որ այս արատավոր պրակտիկայի փոխարեն իրենք հորդորում են, որպեսզի Թուրքիայում կիրառվի այն պրակտիկան, որը թույլ կտա համայնքի ավագանուն ինքն ընտրել լիազորությունը դադարեցված համայնքի ղեկավարի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար, այլ ոչ թե դա կլինի կառավարության կողմից նշանակված չընտրված անձնավորություն: Նա հավելեց. «Ընտրված քաղաքապետերին կառավարության կողմից այսպես կոչված վստահելի անձանցով փոխարինելը լուրջ հարված է Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը»: Կոնգրեսը նաև կոչ է անում իրավական փոփոխություններ իրականացնել, որպեսզի մարզային իշխանության ղեկավարն իրավասու չլինի խառնվել համայնքային իշխանության գործունեությանը»:
Ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի՝ վերոնշյալ խնդիրները լուրջ հարված են հասցնում Թուրքիայում տեղական ժողովրդավարությանը և Թուրքիայի կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների իրականացմանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ
Եվրոպայի Խորհրդում նշել են որ մնան բան արել է մենակ Էրդողանը և Փաշինյանը