«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նման էր առաջին կուրսում ոչ այդքան լավ սովորող ուսանողի կուրսայինի ստուգման։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
«Ակնհայտ է, որ անգրագետ օրինագիծ է՝ բազմաթիվ կետերով։ Հստակ նշել է, որ մահակ է դառնալու դատավորների համար, որ ՄԻԵԴ-ը չի կարող դատավորի անհատական մեղքն արձանագրել, որ օրենքը չի կարող վատթարացնող՝ հետադարձ ուժ ունենալ։ Պարոն Անդրեասյան, իրապե՞ս դրական արձագանք էիք սպասում, թե խոստացված, բայց չիրականացված բարեփոխումների պատրանք եք ուզում ստեղծել»,- հարցրեց Հայկ Մամիջանյանը։ Ուշագրավ է, որ պատգամավորը ձեռքով պարզեց հեռախոսը՝ ցույց տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու հարցրեց․ «Հաշվի առնելով ձեր նախասիրությունները՝ այսպես պահեմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որ անաչառ եւ ազնիվ պատասխանեք։ Ըստ ձեր ասածի՝ դուք միայն նման դեպքերում եք անաչառ ու ազնիվ»։
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը հարցը «հնարամիտ եւ ուրախ» որակեց։ Ամբիոնին մոտեցած նախարար Կարեն Անդրեասյանը «կիսահեգնական եւ տարօրինակ գնահատականներ որակեց» պատգամավորի հարցադրումը, ապա նշեց․ «Կուրսայինի մակարդակի մի իրավաբան որ ունենայիք, կկարողանայիք կարդալ Վենետիկի հանձնաժողովի խելացի, հիմնավոր կարծիքը։ Ընկալման համար լրջություն է պակասում անձամբ ձեզ՝ պարոն Մամիջանյան։ Մեր նախաձեռնությունը վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր ապօրինություններ են թույլ տվել։ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները շատ լավ հասկանում են, թե ինչ կարեւոր նախաձեռնություն է սա։ Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, եւ ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»։
Հայկ Մամիջանյանն ի պատասխան նախ հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ «կիսահեգնական»․․․ապա նշեց․ «Ինչ-որ խոսում եք, նշանակում է դասական, նախկինից եկող վենդետա է՝ հեծանիվ չունենալու պատմությունը․․․մի պարզ հարց՝ իսկ եթե այդ դատական գործն անցել է բոլոր ատյաններով, ապա ո՞ր ատյանի դատավորի հանդեպ է կարգապահական տույժ իրականացվելու։ Այն, որ ես իրավաբան չեմ, դա նորմալ է, որովհետեւ իմ գործունեության ոլորտը դա չի։ Այ որ դուք իրավաբանական նման դրսեւորումներ եք թույլ տալիս, այ դա արդեն չարիք է»։
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ քաղբանտարկյալների դատած դատավորները Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եւ դրանից առաջ իր գնահատմամբ չէ, որ եղել են․ «ՄԻԵԴ-ը գտել է, որ ՀՀ դատարանները քաղբանտարկյալներ են դատել։ Սա վենդետա չի, այլ արդարության վերականգնում։ Ես ձեզ անկեղծ խորհուրդ եմ տալիս՝ եթե կարդացել եք ու չեք հասկացել, դիմեք մասնագետների, կբացատրեն։ Ես պատրաստ եմ, համեցեք նախարարություն, մեր մասնագետները ձեզ կօգնեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ