Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է՝ ռուսները փախչում են իրենց երկրից, գալիս Հայաստան, բայց մենք խոպան գնալու ենք»․ Սարատակի բնակիչներ

Մարտ 23,2022 18:24

Այսօր «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Շիրակի մարզի Ազատան և Սարատակ գյուղերում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված խորհրդատվական հանդիպում։ Այս երկու տեղանքների ընտրությունը պատահական չէր․ կարելի է ասել՝ տղամարդկանց գերակշիռ մասը, եթե ոչ կեսից ավելին, տարիներ շարունակ մեկնում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ։

Հանդիպմանը մասնակցում էին հենց արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և ծրագրի ՌԴ գործընկեր «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը մանրամասն ներկայացրեցին ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները, դրանց ազդեցությունը միգրանտների, նրանց ընտանիքների ու միգրանտ ուղարկող երկրների, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների վրա:

Չնայած ռուս-ուկրաինական պատերազմի ծանր հետևանքներին, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող խիստ պատժամիջոցներին ու ռուսական ռուբլու փոխարժեքի անկմանը, Սարատակի տղամարդիկ գտնում էին, որ ուզեն-չուզեն պիտի գնան Ռուսաստանի Դաշնություն, այլ ելք չկա․ Հայաստանում անհնար է համարժեք որևէ աշխատանք գտնելը կամ գյուղատնտեսությամբ զբաղվելը։

Սարատակի տարեց բնակիչներից մեկը, որի բնութագրմամբ՝ իրեն ողջ կյանքում հիշում է որպես խոպանչի, ասաց․ «Բացարձակ նշանակություն չունի, ռուբլու կուրսը ցածր լինի-չլինի, էստեղ մնալ հնարավոր չէ։ Ճիշտ է՝ ռուսները մասսայաբար փախել են իրենց երկրից, եկել են Հայաստան, բայց ինչ էլ լինի՝ գնալու ենք։ Ճիշտ է՝ քիչ են վճարում, բայց էլի գնալը ձեռնտու է, քան էստեղ մնալն է։ Ոչ մի գյուղացի չի կարողանա ամսական 180-200 հազար դրամ աշխատել Հայաստանում»։

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում աշխատում է շինարարության վրա։ Գյուղատնտեսությամբ չի ցանկանում զբաղվել, քանի որ անցած տարի տուժվել է։

Ըստ տղամարդու, կորոնավիրուսի տարածման ժամանակ, երբ ՌԴ մուտքն արգելված էր, մի պահ փորձել է աշխատել մայրաքաղաքում շինարարության վրա, սակայն դարձյալ տուժել է։

«Ձեռ չի տալիս, ամբողջ ամիս աշխատում ես, ճիշտ է՝ վարձատրում են, մասնավոր սեփականություն է, բայց տան վարձ, ուտել, գնալ-գալ․․․։

Անասնապահությամբ, հողագործութամբ զբաղվելն է էսօր շատ դժվար գյուղացու համար։ Վերցնենք անցած տարի, երաշտ էր, անձամբ ես երեք հեկտար ցանել էի, ամեն հեկտարի վրա 1-1,5 միլիոն դրամ փող էի ծախսել, բայց 100 հազար դրամ եկամուտ չեմ ստացել։

Ինչ պայման էլ լինի, Ռուսաստան խոպան մեկնելու ենք, որովհետև ի վիճակի չենք էստեղ ապրելու։ Էսօրվա վիճակով մի տուփ պարարտանյութը հանել են 20 հազար դրամ, մարդը ամեն հեկտարի համար գոնե պիտի 6 տուփ պիտի օգտագործի, չհաշված սերմացուն։ Մարդն իր ծախսերն է հաշվարկում, տեսնում է՝ ի վիճակի չէ։ Սաղ գյուղացիներն այսօր վարկի, պարտքի տակ են, կանանց ոսկիները բանկերում են գրավադրված»։

Նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ Զոհրաբ Հովհաննիսյանն էլ նշեց, որ 7 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է, 1 ամիս առաջ է վերադարձել, բայց նորից գնալու է։ Նա գնում է Սանկտ Պետերբուրգ, աշխատում է շինարարության վրա, հիմնականում պետական կառույցների։

Թե ի՞նչ հարցերով են աշխատանքային միգրանտները մասնագետներին դիմում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, Տաթևիկ Բեժանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մինչև մարտի առաջին շաբաթը հիմնական հարցը, որով դիմում էին ՌԴ-ում գտնվող մեր աշխատանքային միգրանտները, օրենսդրության խստացումն էր, այսինքն՝ այն գործընթացը, որը ստիպված է անցել աշխատանքային միգրանտը ՌԴ-ում գտնվելու պահից՝ մուտք գործելու պահից սկսած 30 օրյա ժամկետում։

Հարցնում էին՝ ինչ անել, ինչպես գնան, որ անօրինական չդառնա։

Մարտի առաջին շաբաթից սկսած՝ հիմնական մտահոգությունը, որովհետև դա ավելի շատ մտահոգություն է, ոչ թե խորհրդատվություն, այն է, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով Ռուսաստանում աշխատող մեր միգրանտների աշխատած գումարն այլևս չունի այն գնողունակությունը։

Շատ տարակուսած վիճակում են ՝ մնալ, թե՞ չմնալ և մտավախություն ունեն, որ գործատուները շուտով չկարողանան վճարել իրենց։

Նաև մտահոգություն ունեն, որ Ռուսաստանում օրենք է խստացվել և իրենք մեկ սեզոնի ընթացքում չկարողանան 5000 հազար դոլարից ավելի գումար, որովհետև դա արդեն օրենքով սահմանված է, ոչ ռեզիդենտները, անձինք, որոնք 153 օրից պակաս են գտնվում կարող են մինչև 5000 դոլարին համարժեք ռուբլի կամ դոլար ուղարկել»։

Մասնագետն ասաց, որ այս իրավիճակում դժվար է խորհուրդներ տալը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031