Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց գործարքների անվտանգության մեխանիզմները կատարելագործելու հարցով գլխավոր դատախազը դիմել է ԿԲ-ին

Մարտ 23,2022 18:32

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ համակարգչի օգնությամբ կատարված հանցագործություններին առնչվող քրեական գործերի ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը: Որպես կանոն, նշված բնույթի  հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ:

Մասնավորապես՝ հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:

Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում:

Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, հանցագործները փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարները: Ապա էլեկտրոնային դրամապանակների միջոցով հիշյալ անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

Առանձին դեպքերում հանցանք կատարած անձինք այլ անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության: Եվ նրանց անվամբ առցանց ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը նրանք փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել են:

Վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այդ գործառնությունների անվտանգության մեխանիզմները հանցավոր պրակտիկայում հաղթահարելու առկա հնարավորությունները, այդ մեխանիզմների չկատարելագործված լինելը. օրինակ, էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը:

Այսինքն դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնելը, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, կարող են նպաստել նման դեպքերի կանխմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացված եղանակով կատարվող հանցագործությունները նախականխելու, կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031