«Կոնգրեսը ողջունում է Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դրական զարգացումները՝ համեմատած նախկինում դիտարկված ընտրությունների հետ»,-Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ժամանակ ներկայացնելով Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ տեղեկատվական զեկույցը, հայտարարեց զեկույցի հեղինակ Ստյուարտ Դիքսոնը:
Զեկույցում ամրագրված է՝ ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում նվազել են ընտրակեղծիքների ռիսկերը՝ օրինակ՝ ձայների գնումը, կարուսել քվեարկությունը: Մինչդեռ լուրջ մարտահրավեր է համարվում այն, որ ընտրողներին ընտրությունների նշանակության, ինչպես նաև քվեարկության բարդ ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման հարցում գրանցվել են թերացումներ: Ըստ Կոնգրեսի զեկույցի՝ տեղական դիտորդների կողմից արձանագրված խախտումներն այնքան էլ մեծ չէին, որ ազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա:
Զեկույցում ամրագրված մյուս մտահոգությունն այն է, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել վարչատարածքային փոփոխությունների՝ համայնքների միավորման գործընթացի ավարտից շատ կարճ ժամանակ անց, ուստի քաղաքական ուժերի և թեկնածուների համախմբման համար բավարար ժամանակ չի մնացել, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել ընտրությունների վրա:
Մտահոգություններից մեկն էլ այն է, որ վարչատարածքային և ընտրական բարեփոխումների իրականացվել են կարճ ժամկետներում, ինչը նպաստել է ընտրողների և քաղաքական դերակատարների մոտ շփոթության առաջացմանը, քանի որ նրանք քիչ ժամանակ ունեին ծանոթանալու փոփոխություններին և նոր ընթացակարգերին։
Կարդացեք նաև
Զեկուցողը հայտարարեց. «Ընտրական օրենսդրության կայունությունն ամրապնդելու համար օրենսդրական դաշտի հետագա փոփոխություններ չպետք է կատարվեն ընտրություններին շատ մոտ՝ ընտրությունների հարցերում Վենետիկի հանձնաժողովի լավ փորձի օրենսգրքին համապատասխան»:
Որպես դրական տեղաշարժ է համարվում տեղական մակարդակում գենդերային քվոտայի ներդրումը:
Փաստաթղթում ամրագրված է նաև. «Այն փաստը, որ 2021-ի ՏԻՄ ընտրություններն անցկացվել են Covid-19 համաճարակի և շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում, դա մեծ մարտահրավեր է եղել ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների, թեկնածուների և ընտրողների համար»:
Զեկույցի ներկայացումից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամիրա Հուսեյնովան հայտարարեց, թե իրենց պատվիրակությունը խիստ անհամաձայնություն ունի զեկույցում ամրագրված դրույթների հետ կապված: Նա մանրամասնեց. «Ցավոք, այն պարունակում է մոլորեցնող մի արտահայտություն՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտություն: Խոսելով այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը փաստացի ավարտվել է, խաղաղության հաստատման հեռանկարում պետք է կատարվի նոր իրավիճակի ամրագրումը: Մինչդեռ հակառակ մոտեցումը կարող է վնասակար լինել երկար սպասված խաղաղության հաստատման համար՝ տարածաշրջանում ստեղծելով կեղծ քաղաքական սպասումներ: Պետք է ընդգծել, որ այժմ Ադրբեջանում չկա վարչական միավոր, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ: Այս տեսանկյունից մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ 2021-ին Ադրբեջանում ստեղծվել են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական ռեգիոնները: Մենք հորդորում ենք, որ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այս տարածքները կոչվեն այնպես, ինչպես ազգային օրենսդրությամբ: Ուստի ուզում ենք կոչ անել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ բառակապակցության օգտագործումից՝ հարգելով մեր երկու երկրների հարաբերությունները տարածաշրջանի համար այս զգայուն ժամանակահատվածում»:
ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, մինչ Հայաստանի հետ կապված զեկույցին անդրադառնալը, կարճ արձագանքեց. «Իհարկե, բավականին դժվար է հեռավար կարգով հետևել ընտրություններին, բայց մեր զեկուցողների և Կոնգրեսի քարտուղարության փորձը թույլ տվեցին ստանալ բավականին որակյալ զեկույց: Սակայն, մինչ զեկույցին անդրադառնալը, կուզեի արձագանքել Սամիրա Հուսեյնովային: Իհարկե, ինձ համար հասկանալի է, որ ցանկություն կա փակել Լեռնային Ղարաբաղի էջը, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների, քննարկումների շրջանակում, ուստի կարծում եմ՝ չարժե այդ թեման տեղափոխել մեր դաշտ հատկապես, երբ մեր երկու երկրների կենտրոնական իշխանությունների միջև ուղիղ բանակցություններ ևս ընթանում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ