Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիզվառելիքն ու պարարտանյութը թանկանում են»․ Վահան Քերոբյանի պարզաբանումը, թե ոնց են օգնելու գյուղացուն

Մարտ 23,2022 19:00

«Միջազգային շուկայում դիզվառելիքի եւ պարարտանյութերի գների աննախադեպ աճ կա, ինչն ազդելու է հայաստանյան գյուղատնտեսների վրա։ Ի՞նչ միջոցառումներով է մարդկանց բեռը թեթեւացվելու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Վահան Քերոբյանը նախ նշեց, որ երկու շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը, որով ազոտական, կալիումական, ֆոսֆատային պարարտանյութերի գների 50%-ը սուբսիդավորվում է, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը․ «Բոլոր համայնքներում պահանջարկն արդեն կա, հայտերը տրվել են մատակարարներին։ Գործընթացը սահուն է։ Իհարկե, գներն ավելի շատ են որոշ դեպքերում, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, կառավարությունն ամեն ինչ արել է, որ էժան գնով հասնի գյուղացուն։ Սահմանափակում կա՝ երեք հեկտար, որովհետեւ ավելի մեծ չափի հող ունեցողների դեպքում արտադրողականությունը բարձր է, եւ անգամ պարարտանյութի բարձր գնի դեպքում արտադրանքի գնի աճն աննշան կլինի»։

Վահան Քերոբյանի խոսքով՝ այն ավել գումարը, որը խոշոր ֆերմերները ծախսելու են պարարտանյութի եւ դիզվառելիքի համար, վաճառքի փուլում ամբողջությամբ եւ ավելի կփոխհատուցվի, եւ կլինի եկամտաբեր գյուղատնտեսական տարի։ Հիշեցնենք՝ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ֆերմերներից մեկն իշխանություններին անվանեց «մուտիլովչիկ»՝ ասելով, որ նշյալ սահմանափակումների պատճառով ֆերմերները դիմում են փաստաթղթեր կեղծելուն, որ կարողանան օգտվել սուբսիդիայից։

Ինչ վերաբերում է դիզվառելիքին, Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առանձին ծրագիր չկա, թեեւ կառավարությունն ունի գյուղատնտեսության աջակցության ծրագրեր։ Պատգամավորը շեշտեց՝ գյուղացիների մտահոգությունն այն է, որ պարարտանյութը ժամանակին տեղ հասնի։ Նախարարը պատասխանեց՝ ուշադիր հետեւում են, որ գյուղատնտեսական սեզոնի սկզբում պարարտանյութի խնդիր չլինի․ «Ժամանակին տեղ կհասնի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031