«Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակցությունը ճիշտ էր։ Ինչպես մինչեւ այդ, այնպես էլ հիմա մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եւ Թուրքիան կարող են, արժի, պետք է նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն եւ բացեն սահմանները»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա կարծում է, որ իր եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը եւս դրական ազդեցություն է ունեցել գործընթացի վրա․ «Շոշափելի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց կողմերը վերահաստատեցին, որ շարունակում են երկխոսել առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները։ Տակտիկական առումով տարբերություններ կան կողմերի միջեւ, բայց վերբալ մակարդակով երկուսս էլ հաստատում ենք, որ վերջնարդյունքը սահմանների բացումն է։ Այդ համատեքստում խնդիրներն էլ ենք քննարկել, որ դյուրացնենք առեւտրային ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»։
Արարատ Միրզոյանը համաձայնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նկատառմանը, որ ավելի շատ շահարկվեցին իր ժպիտն ու Չավուշօղլուի փողկապի բացակայությունը։ Միրզոյանը նշեց, որ այդ ձեւաչափն առանց փողկապների էր․ «Մի մասը կրում էր, մի մասը ոչ։ Ինչ վերաբերում է իմ ժպիտին․ հարգանքով մեր զոհերի ընտանիքների զգացմունքների հանդեպ՝ եթե իմանամ, որ իմ ժպիտն ապագայում կարող է մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ, կժպտամ, կժպտամ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ