Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 

Մարտ 23,2022 17:56

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ.

Այսպես.

Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի՝ անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող և ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18քմ և 20քմ, 20քմ և 20քմ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, տվել է վերջինիս:

Այնուհետև Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առևտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ 2020 թվականի հունվարի 21-ին և 2020 թվականի դեկտեմբերի 23-ին` շինարարության թույլտվություն:

Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր և որդու անվամբ Ծաղկաձոր և Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031