Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ աշխատող-գործատու իրավահարաբերություններում. հանրային քննարկման է ներկայացվել աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագիծը

Մարտ 23,2022 18:16

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Առաջարկվում է աշխատողների քանակի և/կամ հաստիքների կրճատման հիմքով (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու առաջնահերթության իրավունք սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողների կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։

Նախատեսվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի։ Առաջարկվում է նաև կարգավորում՝ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման այն դեպքերի համար, երբ վերջինս 2,5 և ավելի աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս դեպքում, նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշել անձամբ, իսկ համապատասխան անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի դիմումի առկայության:

Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է աշխատողին հնարավորություն տալ պահպանել ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ նրա ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից պատրաստվում է մեկնել գործուղման կամ հակառակը։

Նախատեսվում է նաև վերանայել կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները։ Մասնավորապես, ի տարբերություն գործող կարգավորումների, առաջարկվում է իրավունք տալ գործատուին՝ կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով։

Փոփոխությունների շրջանակում սահմանվում է նաև առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։

Նախագծով սահմանվել են ընթացակարգեր՝ աշխատողի՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական համարելու կամ հիմնական աշխատանքը՝ համատեղությամբ աշխատանք համարելու մասով։

Վերանայվում է նաև աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառման ենթակա պայմանների շրջանակը։ Մասնավորապես, նախատեսվել է, որ աշխատանքային պայմանագրում պետք է ներառվեն նաև՝

  • աշխատանքի վայրը,
  • աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետները,
  • աշխատաժամանակի տևողությունը։

Նախագծով ներդրված նոր կառուցակարգերով՝ նախատեսվում է կարգավորել նաև լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ կապված հիմնական  հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվել է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրի (համաձայնագրի) ինստիտուտը, ընդ որում, մասնագիտական ուսուցման մասին պայմանագիրը կարող է կնքվել ինչպես աշխատանքի ընդունվող անձի, այնպես էլ արդեն իսկ աշխատող համարվող անձի հետ:

Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ՝

  • մինչև յոթ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ,
  • յոթից մինչև տասներկու տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ,
  • տասնչորսից մինչև տասնհինգ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասը ժամ (գործող կարգավորումը նախատեսում է շաբաթական մինչև 24 ժամ աշխատաժամանակի հնարավորություն),
  • տասնհինգից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 24 ժամ,
  • տասնվեցից մինչև տասնութ տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 36 ժամ։

Սահմանվում է նաև, որ մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

Նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողությանը։ Ըստ այդմ, հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ  նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաև մինչև երկու։

Գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ Նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները, ցանկության դեպքում, միավորել և միացնել, օրինակ՝ հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջմանը։

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2:

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031