«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, եղան մեկնաբանություններ, որոնց մի մասը պետք է խոստովանեմ` թյուր, սխալ մեկնաբանություններ են։ Գնահատականն այնպիսին է, թե ՀՀ-ն մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության չկա, այլ բան, որ դրանք ամբողջովին չեն հասցեագրում բանակցությունների ողջ օրակարգը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկներով եւ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Համանախագահող երկրներից ինձ տեղեկացրել են, որ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, որից պատասխան առայժմ չունենք»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ-ի առաջարկներն ամբողջովին՝ գրեթե 100%-ով բացահայտված են իր՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում․ «Մեր համար առաջարկների մեխերից մեկն այն է, որ սկզբունքային է ԼՂ հայության իրավունքների եւ կարգավիճակի հարցը։ Հնարավոր չէ օրակարգը համարել ամբողջական, քանի դեռ սա չի քննարկվում»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ռուս-ուկրաինական բախման հետեւանքով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ինչպե՞ս է զբաղվելու Արցախի խնդրով, Արարատ Միրզոյանը նշեց, որ, այո, ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ՄԽ համանախագահության աշխատանքը՝ ընդհուպ մինչեւ համատեղ քննարկումների մակարդակ․ «Բայց ելնելով նաեւ իմ ստացած կոնկրետ ազդակներից համանախագահող երկրներից՝ վերահաստատեմ, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ խնդրի կարգավորումը տեսնել ՄԽ համանախագահության ձեւաչափում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ