Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջան», «Թուրքիա», «խաղաղություն» եզրույթները համատեղելի՞ են»

Մարտ 23,2022 17:32

Ինչպես հայտնում են Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) մամուլի ծառայությունից, այսօր բուհի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի պետական ահաբեկչական և էթնիկական զտումների քաղաքականություն» խորագրով մամուլի ասուլիս:

Ասուլիսին զեկույցներով հանդես են եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը:

Հովիկ Ավանեսովի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 1920 թվականին, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության շարունակությունն էր։ Մտածել, որ Ադրբեջանը փոխելու է իր ցեղասպան ձեռագիրը, բնականաբար, միամտություն կլինի: Այս ամենի մասին իրազեկված լինելով` խոսել խաղաղության մասին՝ ևս միամտություն է, որովհետև «Ադրբեջան», «Թուրքիա» և «խաղաղություն» եզրույթներն իրար հետ անհամատեղելի են։

Ըստ Ավանեսովի՝ հայ ժողովրդի գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ արձանագրել, որ չնայած Շուշին այժմ օկուպացված է, բայց այն եղել, կա և լինելու է հայկական։

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն էլ նշել է, որ այս ժամանակաշրջանը հայոց պատմության տխրագույն էջերից մեկն է:

Մհեր Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ 1920 թվականի այս օրը՝ Շուշիում ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ նախօրոք ծրագրված գործողություններ են իրականացվել և հրի մատնել քաղաքը, կոտորել անզեն բնակիչներին. բնակիչների մի մասը մառախուղի շնորհիվ կարողացել է փախչել ու ապաստան գտնել Քարին տակ և Վարանդայի մյուս գյուղերում։

«Շուշիի կորուստը մեզ համար ունեցել է ծանր հետևանքներ բոլոր առումներով, և այս ողբերգությունը պետք է դառնա պատմությունից դասեր քաղելու մի միջոց»,- ավելացրել է Մ. Հարությունյանը։

Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:

Լուսանկարները տրամադրել են ՄՄՀ մամուլի ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031