Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորում ենք միջազգային հանրության հստակ գնահատականը». Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Մարտ 23,2022 17:48

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր եւ բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, եւ շահագրգռված ենք զարգացնելու երկկողմ հարաբերությունները»-, ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով , որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան եւ Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռեւս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ այնտեղ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին եւ դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաեւ բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը: «Մեծապես կարեւորում ենք միջազգային հանրության արձագանքն ու հստակ գնահատականը կատարվողին: Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ այս ձեւաչափը պետք է կարողանալ պահպանել` հակառակ Ադրբեջանի ցանկության: «Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարաբերություններով եւ այլն: Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031