«Իլհամ Ալիեւի հետեւողականությունը զուտ իր անձնական որակը չէ: Դա թուրքական ցեղասպանական քաղաքականությունն է: Ես հիշեցնեմ, որ 1915 թվականի ապրիլի 24-ից մոտ 20 օր հետո Անտանտայի երեք պետությունների՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ղեկավարները արել են հայտարարություն, որտեղ Օսմանյան Թուրքիայի գործողությունները բնութագրել են որպես մարդկության, մարդասիրության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն եւ հայտարարել, որ դրա համար պետք է պատասխանատվություն կրի ամբողջ պետությունը, քանի որ այդ հանցագործությունը իրականացվել է Հայաստանի տարածքում: Այստեղ՝ ուշադրություն: Դրանով հստակեցվել է, որ նաեւ հայրենազրկում է տեղի ունեցել: Թուրքիան չի հրաժարվել իր այդ քաղաքականությունից»,- խոսելով Արցախի եւ Հայաստանի նկատմամբ այսօր իրականացվող թուրք-ադրբեջանական քաղաքականության մասին՝ հիշեցրեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ աշխարհը կույր է ու խուլ այսօր այստեղ կատարվող իրադարձությունների հանդեպ եւ չի արձագանքում, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ հստակեցնենք, որ աշխարհը շատ զգոն է եւ ամեն ինչ տեսնում ու գնահատում է: Վերջնական, պաշտոնական, հրապարակային հայտարարությունները անպայման, ամբողջովին լինում են, եթե դա համապատասխանում է հզորների աշխարհաքաղաքական շահերին: Իսկ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների դիրքորոշումը չի կարող արդարացնել օրվա իշխանավորների այն քաղաքականությունը, որը վարում են՝ զուտ սպասարկելով թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը: Ես սա հստակ կրկնում եմ տարիներ շարունակ, ոչ միայն 2020 թվականից հետո: Ինչո՞ւ: Որովհետեւ ես չունեմ տեղեկություններ ստանալու հատուկ խողովակ: Ես դատում եմ արդյունքներով: Իսկ ինչպես ասվում է, արդյունքները եւ տրամաբանությունը լավագույն լրտեսներն են:
Տրամաբանությունը բերում է հստակ նրան, որ այն ամենը, ինչ արվում է, ասվում է եւ այն ամենը, ինչ տեսնում ենք կամ ինչը չենք տեսնում, բերում է եզրակացության, որ թուրքը, Թուրքիան չի կարող հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից, որովհետեւ դրա վրա է հիմնված իր գաղափարախոսությունը»:
Անդրադառնալով նրան, որ իշխանավորները ամեն կերպ ուզում են ինչ-որ հարաբերություններ հաստատել հարեւան այդ երկրների հետ, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Կապ չունի, թե դա համապատասխանում է մեր ազգային շահերին, թե ոչ, իշխանավորները ձգտում են խաղաղություն հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Չկա այդպիսի բան: Ես ամեն անգամ ստիպված եմ զուտ տրամաբանական շղթան շարունակելով՝ հստակեցնել. 2020 թվականից չէ, որ մենք պետք է այս իշխանության մասին դատողություններ անենք: Այս իշխանությունը եկել է, կրողն է այն գաղափարախոսության, որը շրջանառության մեջ է դրվել նորանկախ Հայաստանում առաջին նախագահի եւ նրա թիմի կողմից: Եթե մենք փոփոխություն տեսնում ենք, դա լոկ դիզայնին է վերաբերում: Ասեմ, թե ինչու եմ դիզայն համարում: Առաջին նախագահն ու իր թիմը 1989 թվականից սկսած բանակցությունների մեջ է մտել Ադրբեջանական ժողովրդական ճակատի հետ մի գաղափարի շուրջ, որը դարձել է իրենց գաղափարախոսությունը, այն է՝ երբ որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը դառնան ժողովրդավարական, ի՞նչ կապ ունի, թե որտեղ կմնա Լեռնային Ղարաբաղը: Դրանով է բացատրվում 1992 թ. մարտի 5-ին առաջին նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում ինչ-ինչ կարգավիճակով: Կարգավիճակ խոսքը այստեղ, իրոք, ածանցյալ է, որովհետեւ խոսքն այն մասին է, որ ամբողջովին խեղաթյուրվում է մի հստակ պատկեր: Այն է. Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը չուներ Լեռնային Ղարաբաղի «վիճելի» տարածքների սուվերենություն, որը երեք անգամից ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Սրա վրա ուշադրություն չեն դարձնում: Ինչ-որ կարգավիճակ, կամ տարիներ շարունակ սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է ասելով, կարծում են, թե դա կարողանում է մեղմել իրավիճակը: Բացարձակապես: Որովհետեւ այդպես մոռացության է տրվում, որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել ոչ մի Ադրբեջանի անքակտելի մաս:
Կարդացեք նաև
Այս մոլորությունը բերել է այս իշխանավորներին, որոնք սնվել են զուտ թուրք-ադրբեջանական գաղափարախոսական կեղծ հիմքերով: Եվ երբ սրանք հայտարարություն են անում, ես կարծես թե տեսնում եմ ադրբեջանական կայքերի ադրբեջաներեն լեզվով գրած նախադասությունները: Ապշելու բան է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ