«Ճիշտն ասած, Բալի կղզին միայն հանգստի համար է, աշխարհում հայտնի ուղղություններից մեկն է: Այսօր առավոտյան ինտերնետում նայում էի, 43 տեսարժան վայրեր կարելի է գնալ հենց Բալիում, դրա համար էլ Ալեն Սիմոնյանի գործուղման տեւողությունը ոչ թե 2 օր է, ինչպես սովորաբար լինում է բարձրաստիճան պաշտոնյաների համար, այլ` 8»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով Բալիում Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցին՝ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Խորհրդաժողովը, ինչի նպատակով նրանք գնացել են, կոչվում է «Արտանետումները եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին պառլամենտի ներգրավվածությունը»: Այսինքն, ինքը հիմա պիտի գա էդ գործուղումից նոր գիտելիքներով եւ օրինակ՝ Հովիկ Աղազարյանին, Կնյազ Հասանովին, Անդրանիկ Քոչարյանին ու մյուսներին բացատրի, թե պառլամենտով պիտի իրենք քիչ արտանետումներ անեն, որպեսզի կլիմայի փոփոխությունների վրա բացասական ազդեցություն չունենան»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Ապա շեշտեց. «2021թ օգոստոսից է Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ, բայց արդեն 120 հազար դոլարից ավելի միայն իր պաշտոնական գործուղումների վրա փող է ծախսվել, ընդ որում, դա 300 զոհվածի ամսեկան փոխհատուցման գումար է: Այսինքն` 300 մարդ զոհվել է պատերազմում, որ Ալեն Սիմոնյանը շրջագայի աշխարհում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ