Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը պրոթուրքական քաղաքականություն չի վարում. Էդգար Վարդանյան

Մարտ 23,2022 16:43

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում ինքնապաշտպանական ուժեր չմնան: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իրենք «հոգ» էին տարել, որ Հայաստանը Արցախի տարածքից հանի իր զորքերը եւ հասել էին իրենց ուզածին՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր այդ պայմանին: Այս տարի, Հայաստանից գնացած վերջին զորակոչիկը, փաստացի, կզորացրվի, որովհետեւ վերջին անգամ 2020 թվականի օգոստոսին է զորակոչ եղել եւ Հայաստանից զորակոչիկ տարվել Արցախ: Բայց Արցախում, նաեւ Հայաստանում, անկախ ամեն ինչից հայտարարել են, որ իրենք ունենալու են ինքնապաշտպանական ուժեր, Արցախի ՊԲ-ն չի լուծարվելու, նաեւ ներքին զորքերից որոշակի ուժեր, զուգահեռաբար սահմանում են պահպանություն իրականացնելու: Եվ կարծես թե, սա Ադրբեջանին սա այդքան էլ դուր չի գալիս եւ փորձում են հասնել նրան, որ այս ուժերն էլ լուծարվեն, մնան միայն ռուս խաղաղապահները, այն էլ՝ երեք տարով, որից հետո, կարող են հարձակվել Արցախի վրա: Բնականաբար, այս պահանջը չի կատարվելու. ոչ Հայաստանը, ոչ էլ Արցախը չեն գնալու այս պահանջի կատարմանը, չնայած նրան, որ Ալիեւն այս ուղղությամբ շարունակելու է ճնշումներ գործադրել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ. ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ անդրադառնալով հայաստանյան քաղաքական օրակարգում շրջանառվող այն տեսակետին, որ Հայաստանը երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է թուրքական վիլայեթ դառնա, կամ՝ ռուսական «գուբերնյա», ասաց. «Այդ թեզը ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ ունի, դա կեղծ դիլեմա է, զուտ քարոզչական տեխնոլոգիա է: Չկա այդպիսի երկընտրանք»:

Այդ թեզի գեներացնողը խորհրդարանական ընդդիմությունն է եւ Էդգար Վարդանյանը համոզված է, որ քարոզչական այդ տեխնոլոգիան չի կարող հաջողության հասնել:

Դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է, որ իշխանությունը չի ներկայացնում իր քայլերը, հետեւաբար, նման խնդիրներ են առաջանում, Էդգար Վարդանյանն արձագանքեց՝ այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը եւ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում միանշանակ ու կտրուկ հայտարարություններ անելը վտանգավոր է ու ընդդիմությունն առիթից օգտվում է: Բանախոսը նաեւ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ իշխանության բարձրաստիճան այրերից հայտարարություն հնչել է, որ ՌԴ-Բելառուս միությանը միանալու հարց ՀՀ օրակարգում չկա: Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման օրակարգը, բանախոսի հավաստմամբ, ընդամենը դիվանագիտական հարաբերությունների հաստատելու ուղղությամբ է՝ կոմունիկացիաների բացման եւ այլն. «Սա էլ է մանիպուլացվում, որ պրոթուրքական քաղաքականություն է վարում իշխանությունը: Իշխանություններին քննադատելու շատ տեղ կա, բայց նման հայտարարությունները որեւէ հիմք չունեն»:

Արմեն Վարդանյանը նույնպես կարծում է, որ կա նաեւ երրորդ ճանապարհը եւ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ փոքր երկիրը՝ գտնվելով երկու ուժային կենտրոնների միջեւ, կարողացել է մանևրել եւ պահպանել իր անկախությունը: Դիվանագիտությունն այդ հնարավորությունները տալիս է, բայց նա այլ հարց է համարում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգիռ են այդպիսի կեղծ բանավեճ օրակարգ բերելու եւ հասարակության վախերի վրա խաղալու հարցում: «Իշխանություններին շատ հարցերում կարելի է քննադատել, բայց ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում տեսնում ենք, որ Հայաստանը հաջողությամբ մանևրեց եւ արդյունքում որեւէ պատժամիջոց Հայաստանի վրա չկա: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն միացավ ՌԴ ագրեսիային եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատժամիջոցներ են բաժին ընկնում նաեւ Բելառուսին: Ես վստահ եմ, որ Բելառուսը նույնպես խորտակվելու է ռուսական խորտակվող նավի նման»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ ցավ հայտնելով, որ գործող խորհրդարանը ՀՀ պատմության ամենավատ որակի խորհրդարանն է եւ թե իշխանության, թե ընդդիմության մեջ ռացիոնալ մտածող մարդիկ քիչ են ու կարծես շքահանդեսի են դուրս եկել՝ թե ո՞վ Հայաստանը կարող է տանել կործանվող, հիմքից խարխլված ՌԴ-Բելառուս միության մեջ: Նա ցավալի է համարում, որ ՌԴ-Բելառուս միությանը Հայաստանի միանալու մասին առավել շատ խոսում է ընդդիմությունը, քան իշխանությունը:

Բանախոսները դրական են գնահատում աշխարհաքաղաքական այս իրավիճակում ՀՀ իշխանության որդեգրած դիրքորոշումը՝ մնալ չեզոք եւ շարունակել դիվերսիֆիկացնել հարաբերությունները, մանավանդ, Արեւմուտքի հետ հարաբերությունները ճիշտ կառուցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031