Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում («Հանրապետական ծննդատուն») իր երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանի (լուսանկարում) տուն այսօր գնացած իրավապահները Խաչատրյանի տնից առգրավել են նրան պատկանող ատամի խոզանակը, զուգագուլպան, բարձի երեսը:
Ինչո՞ւ են այս պարագաները տնից տարել՝ մեր հարցին Հայկուհի Խաչատրյանը պատասխանեց. «Որ հետազոտություն իրականացնեն, իմ գենետիկ կոդն իմանան, համեմատեն իմ ողջ երեխայի օրգանի հետ (նկատի ունի իր երրորդ երեխային, որին մահացած չի համարում.-Ա. Ս.), որին վիրահատել ու ձեռք են բերել ու ապացուցեն, որ իմ երեխան մահացած է: Մինչդեռ այդ օրգանը, որը երկու տարի անց հայտնաբերվեց, ըստ փորձաքննության, ողջի է պատկանում: Եթե իմ երեխան մահացել էր, որտեղի՞ց այդ ողջ մարդու օրգանը»:
Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է ձեռք բերել իր նշած ողջ մարդու օրգանը, ի պատասխան ասաց. «Դատաբժշկական կենտրոնից եմ վերցրել, իմ միջոցներով դատահյուսվածքաբանական տարբեր փորձաքննություններ եմ արել, պարզել, որ դա ողջ մարդու օրգան է»:
Հայկուհի Խաչատրյանը պատմեց, որ երբ ինքը պահանջել է իրեն մահացած ներկայացված երեխայի օրգանները ԴՆԹ հետազոտություն անել, ասել են, թե քայքայված օրգաններ են, ԴՆԹ չի անջատվում: Ինքը պահանջել է արտասահմանյան լաբորատորիայում փորձաքննություն իրականացնել, վարույթ իրականացնող մարմինն ասել է՝ ուրիշ լաբորատորիայում են փորձաքննություն անելու: Ըստ Հայկուհի Խաչատրյանի, երկու տարի հետո այդ քայքայված օրգանները դարձան մաքուր, անջատվեց ԴՆԹ. «Ինձ մոտ կասկած առաջացավ, եթե քայքայված է, ո՞նց դարձավ մաքուր, ավելի պետք է փչանար: Ես գլխի ընկա, որ տեղի է ունեցել երեխայի վիրահատում, օրգաններն էլ պարզվեց, որ ողջ մարդու է: Իսկ այն քայքայված նյութերը որ կային՝ մահացածի էին ու ինձ հետ չէին համապատասխանում: Տեղի է ունեցել իմ երեխայի վիրահատություն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը պնդում է, որ իր երեխային վաճառել են՝ իրեն խաբելով, թե մահացած է: Խաչատրյանը նաեւ սեփական միջոցներով դիմել է արտասահմանցի փորձագետների եւ փորձաքննություններով տարիներ շարունակ փորձում է ապացուցել, որ իր երեխան մահացած չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ