Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը 1918 թվականին ստեղծվել է մեկ գլխավոր նպատակով՝ շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում»

Մարտ 23,2022 15:04

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ վարած այսօրվա քաղաքականությունը որակում է ցեղասպանական, եւ որը Ադրբեջանը ժառանգել է դեռեւս 1918 թվականին Թուրքիայի կողմից արհեստականորեն ստեղծված Դեմոկրատական Ադրբեջանից:

«Դեմոկրատական Ադրբեջանը որպես թուրքական պետություն ոչ Օսմանյան Թուրքիայի կազմում ստեղծվել է մեկ գլխավոր նպատակով՝ շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում: Քանի որ 1991 թվականին Ադրբեջանը հստակեցրել է, որ դուրս է գալիս Սովետական Միությունից եւ սովետական ժամանակահատվածը չի ընկալում որպես օրինական ժամանակահատված, այլ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, նա վերադառնում է եւ իրեն իրավահաջորդն է համարում հենց Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության:

Ի՞նչն է ժամանակակից Ադրբեջանը ժառանգել: Դեմոկրատական Ադրբեջանի սահմանները ճանաչված չեն եղել: Բայց նկրտումները պարզ երեւում են. Բաքվից մինչեւ Բաթում: Այնպես որ, կարող ենք հստակ ասել, որ այսօրվա Ադրբեջանը չի ժառանգել այդ սահմանները եւ այն հարաբերությունները, որոնք ստեղծված են եղել որոշ պետությունների հետ: Ուրեմն, ժառանգել, է զուտ ցեղասպանական քաղաքականությունը, որը ի դեպ, իրականացնում էր նաեւ սովետական ժամանակ՝ ավելի լատենտ, ծածուկ, ինչը եւ բերեց Ղարաբաղյան շարժման 1988 թվականի փուլին:

Պիտի շատ հստակ հասկանալ եւ ես անընդհատ կոչ եմ անում պատմական երեւույթների տրամաբանությունը չփոխել: Շարժումը եղել է ի պատասխան ցեղասպանական քաղաքականության, որ վարել է Ադրբեջանը սովետական ժամանակ: Այսինքն, իրավահաջորդությունը վերաբերում է միայն ցեղասպանական քաղաքականությանը: Երբ նայում ենք 1988-ից 1992 թվականներին, Մարաղան առաջին ցեղասպանական ակտն էր, որն իրականացրել է արդեն անկախ Ադրբեջանը, որին ընդունել են որպես ՄԱԿ-ի անդամ պետություն:

Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականությունից չի հրաժարվել եւ անցած դարի 18 թվականից սկսած մի պահանջ ունի՝ տարածքները, որտեղ պատմականորեն բնակվում են հայերը: Եվ ոչ թե այն պատճառով, որ չի սիրում հայերին այլ սիրում է, ասենք, թալիշներին: Ոչ: Որովհետեւ թյուրքիզմի հիմքում, որը որդեգրել է հենց այդ թվականներից, դրված է, որ այս հողերը իրենցն են, ու ցեղասպանական քաղաքականությունը ոչ մի րոպե չի դադարեցվել:

Իլհամ Ալիեւը նախագահ դարձել է 2003 թվականին: Եվ գիտե՞ք որն է եղել նրա առաջին հրամանը: Այսօր հստակեցնենք. դա հայ սպայի սպանությունն է «Համագործակցություն հանուն խաղաղության» կուրսերի ժամանակ Բուդապեշտում: Ինչո՞ւ եմ ասում հրամանը: Որովհետեւ Ալիեւը տարիներ հետո կարողացել է «համոզել» Հունգարիայի իշխանություններին, որ իրեն հանձնվի մարդասպանը, որը հետո հերոսացվեց: Բայց այդ հերոսացումը էմոցիոնալ մասն է: Նրան բոլոր այդ տարիների աշխատավարձը տրվեց, ինչը ապացուցում է, որ սպանությունը եղել է պետական մակարդակով հրաման»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031