«Ուկրաինայի դեմ ագրեսիան, Եվրոպայի խորհրդի ամենամեծ անդամներից մեկի հեռացումը մեզ ոչ մի ձևով, բնական է, չի օգնի: Կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է հասկանանք, թե որն է մեր դերակատարությունը և ինչպես միասին բոլորս կարող ենք խուսափել վատ սցենարներից»,- Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթին հաջորդած՝ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ստրասբուրգում անցկացվում է ԵԽ Կոնգրեսի նստաշրջանը, որի լիագումար նիստի ընթացքում մարտի 23-ին՝ այսօր կքննարկվի նաև Հայաստանում դեկտեմբերի 5-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ԵԽ Կոնգրեսի դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Պատվիրակներից շատերը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ընթացքում մտահոգություն հայտնեցին՝ արդյոք ՌԴ-ի՝ ԵԽ-ի կազմից դուրս գալը հատկապես ֆինանսական առումով չի՞ հարվածի կազմակերպությանը: Հարց հնչեց՝ արդյոք սրանից հետո Կոնգրեսին և ընդհանրապես Եվրոպայի խորհրդին վատ ժամանակներ չե՞ն սպասվում, Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանեց. «Մենք պետք է բոլորս կրկնապատկենք մեր ջանքերը և կենտրոնանանք ժողովրդավարական անվտանգության վրա: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ կորցնելով ԵԽ-ի բյուջեում ներդրում կատարող հինգ ամենամեծ երկրներից մեկին՝ դա մեծ խնդիր է առաջացնելու մեր բյուջեի համար առաջիկայում»:
ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵԽ նախարարների կոմիտեին ՌԴ-ին ԵԽ կազմից դուրս հանելու որոշման համար ու շարունակեց. «Հիմա Եվրոպայում բարդ ժամանակներ են, և ես իրոք շնորհակալ եմ, որ անկախ բոլոր հանգամանքներից` նման որոշում է կայացվել: Վստահ եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը»:
Կարդացեք նաև
Մարիա Նեմիրովիչ Բուրիչն ասաց՝ առաջարկել է, որ ԵԽ քարտուղարությունն աշխատի այն բոլոր հնարավոր սցենարների ուղղությամբ, որոնց հետ կազմակերպությունը կարող է առնչվել: Նա փաստեց՝ ՌԴ-ի հեռացնելու որոշումն աննախադեպ է ու շարունակեց. «Որևէ օրինակ չկա, որի վրա կարող ենք հիմնվել: Հիմա մենք նոր ենք ուսումնասիրում այս իրավիճակը, որպեսզի փորձենք հնարավոր սցենարների հետ կապված որոշումներ կայացնել»:
ԵԽ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրեց, որ կազմակերպության բյուջեում կան խնայողություններ, որոնք առաջացել են համավարակի ընթացքում, ուստի հույս ունի, որ ԵԽ-ն կարող է օգտագործել այդ խնայողությունները:
Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի մասին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ հպարտանում է ուկրաինացի քաղաքապետերի և տեղական իշխանության ներկայացուցիչների քաջությամբ և իրենց քաղաքացիների նկատմամբ հավատարմությամբ. «Ուկրաինացիները վճարում են ամենաբարձր գինը. վճարում են իրենց կյանքով»:
Գլխավոր քարտուղարը նաև փաստեց՝ տեղական ժողովրդավարական մշակույթի կառուցման հարցում տեղական իշխանությունները մեծ դերակատարություն ունեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ