«Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ մենք պետք է սովորենք, համակերպվենք առանց գազի ապրելու…Դրա համար պետք է իր տունը հոսանքազրկել, ջրամատակարարումը դադարեցնել, գազամատակարարումը դադարեցնել, ասել, որ պետք է ընտանիքով համախմբվեք ու այդ պայմաններում ապրեք` հանուն պետության ու ձեր հաջողությունների»,-« Հայելի» ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի աղմուկ հանած արտահայտությանը` ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Ուղղակի զարմանում ես սրանց ցինիզմի այն աստիճանի ու այն բանի վրա, որ պաշտոնյաները խոսելիս հաշվետու չեն լինում իրենց ասածների համար… Վտանգը սրանց անպատասխանատու լինելու մեջ է…Մարդիկ ասում են բաներ ու մնում անպատիժ…Օրինակ, Ալեն Սիմոնյանը կարող է ասել` գերիներն իմ համար չկան: Դու ո՞վ ես…այդ գերիները մարդիկ են, որոնք ձեր կոչով, ձեր ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով գնացել են հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու` ձեր մեղքով հրահրված պատերազմին, հայտնվել են գերության մեջ: Ու դու այսօր 120 հազար դոլարի գործուղումներից, 200 հազար դոլարանոց մեքենան առնելուց հետո ասում ես` նրանք ինձ համար գոյություն չունեն: Ու էդ ասող մարդը շարունակում է ապրել նույն սովորական կյանքով»,-հավելեց Էդգար Ղազարյանը:
ՔՊ-ականների մասին խոսելիս՝ նա մի քանիսի վարքագծին անդրադարձավ. «Օրինակ, նայում ես, թե էդ Ռուբինյան կոչվածը ոնց է խոսում պատգամավորների հետ` դու մի խոսի, քեզ նկատողություն կանեմ…Դու ո՞վ ես, որ ասես պատգամավորը խոսի, թե ոչ…Նախագահությունում նստած պատգամավորները մյուսներից նրանով են տարբերվում, որ ծառայություն են մատուցում պատգամավորներին… Թե չէ ո՞վ եք դուք, որ նկատողություն անեք, պատգամավորների հե՞րն եք, մե՞րն եք, ուսուցի՞չն եք…Պատգամավորը կուզի՝ տեղից կխոսի, կուզի՝ միկրոֆոնից կխոսի, կուզի՝ միջանցքից կխոսի…Կամ ասում է` Հովհաննես Թումանյանից մեջբերումներ մի արա, այսինքն մեջբերումներ անեն միայն Նիկոլ Փաշինյանի գրքի՞ց…»:
ՍԴ աշխատակազմի ղեկավարն ընդգծում է. «Սրանց լկտիությունը իրենց անպատժելիությամբ է պայմանավորված: Նոյեմբերի 9-ից հետո դրանց ողջ-առողջ մնալը, մեզ հետ նույն ձեւով ապրելը սրանց բերել է հավելյալ սանձարձակության…Այս անպատժելիությունը նոր վտանգներ է իր մեջ պարունակում…Սրանք ինչ ուզում՝ խոսում են»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ներկայումս Արցախում տիրող վիճակը համատեղ է կազմակերպված Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի, Սուրեն Պապիկյանի ու Զաքիր Հասանովի կողմից, դրանց եւ այս ԱԳ նախարարների կողմից. «Ադրբեջանը սրանց համար անհանգստանում է, ասում է շուտ-ուշ սրանց վերջը գալու է, քանի սրանք կան, օգտվենք առիթից…Սրանց ամեն օրը Ադրբեջանի համար հաջողություն է…Ասում են` քանի դուք եք, արագացրեք, եկեք էս 5 կետը սարքեք միջազգային պայմանագիր, արագ կնքենք, զորքերը ինչքան հնարավոր է՝ հետ քաշեք, Արցախի պաշտպանության բանակը լուծարեք…Մենք էլ էս ընթացքում գազատարը կպայթեցնենք, ջրատարը կփակենք, որ հնարավորինս շուտ էդ հարցը լուծենք»:
Էդգար Ղազարյանը կոչ է անում Երեւանում էլ հանգիստ չլինել. «Երեւանը եւս սահմանամերձ քաղաք է…Երեւանից որ Մասիսով հիանում եք, բա չեք տեսնո՞ւմ, թե ինչքան մոտ է…Այնպես որ սրանց պաշտոնավարման յուրաքանչյուր օրը ադրբեջանաթուրքական իշխանությունների համար հաջողություն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ