«Վերջերս մամուլում հրապարակումներ եղան՝ երեխաների հանդեպ բռնության դեպքերին առնչվող։ Մեզ նույնպես հայտնի են նման այլ դեպքեր։ Բռնության կանխարգելմանն ուղղված վերապատրաստումներ նախատեսվո՞ւմ են մանկավարժների համար։ Ինչպե՞ս եք գնահատում տեսախցիկների տեղադրման հնարավորությունը՝ երեխաների լավագույն շահը նկատի ունենալով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Ժաննա Անդրեասյանը փաստեց, որ երեխաների հանդեպ բռնության մտահոգիչ դեպքեր են արձանագրվել մամուլում եւ ոչ միայն մամուլում․ «Ոչ միշտ է, որ նման դեպքերը լուսաբանվում են։ Սա այն խնդիրներից է, որը եղել է նաեւ այն պատճառով, որ մասնագիտական զարգացման քաղաքականությունը համակարգված չի եղել։ Պետությունը ներդնում է մասնագիտական վերապատրաստման մոտեցումը, որը ներառում է նաեւ բռնության կանխարգելմանն ուղղված մոդուլներ։ Սա թույլ կտա, որ մասնագիտացված կառույցներն աշխատեն նախադպրոցական հաստատությունների հետ։ Խնդիրները մի օրում չեն լուծվում, երկար պետք է աշխատել»։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ որոշ նախադպրոցական հաստատություններում կան տեսախցիկներ, հիմնականում՝ ծնողների համաձայնությամբ․ «Հարցը քննարկման կարիք ունի։ Վստահ չեմ, որ անձնական տվյալների պաշտպանությունը լիարժեք է ապահովվում՝ կիբերանվտանգության խնդիրները հաշվի առնելով»։
Զարուհի Բաթոյանը համոզմունք հայտնեց, որ տեսախցիկների տեղադրման հարցը պետք է մանրամասն քննարկվի․ «Մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները մեծամասամբ կիրառում են այս գործիքը։ Հասկանանք, թե որքանով է դա ընդունելի, ինչպե՞ս է կիրառվում։ Նախարարությունը հնարավորինս արագ պետք է քննարկումներ անի՝ միասնական մոտեցում ցուցաբերելու համար։ Եթե տեսախցիկների տեղադրումը կարող է կարեւոր դեր խաղալ բռնության կանխարգելման համար, ապա հանրապետական ենթակայության հաստատություններում պետք է դա կիրառել»։
Կարդացեք նաև
Փոխնախարարն արձագանքեց, որ կփորձեն ուսումնասիրել։
Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատությունների հասանելիությանը, ապա Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այժմ 10 000-ից ավելի երեխա է սպասում, որ նախադպրոցական հաստատություն գնա, սակայն երբ ժամանակը գալիս է, երեխան արդեն դպրոցական տարիքի է լինում․ «Սա առաջնահերթ խնդիր է․ պետությունը չի կարող ամբողջ պահանջարկը միայնակ բավարարել։ Նախադպրոցական կրթական ծառայությունների հանդեպ մեծ պահանջարկ կա, պետք է կարողանանք խրախուսել ոչ պետական նախադպրոցական հաստատությունների գործարկումը։ Քննարկման դրված նախագծով կարողանալու ենք մասնավորի հետ գործարկել եւ հատկապես քաղաքային բնակավայրերում առնվազն հիսուն տոկոսով ապահովել մասնավոր կրթական ծառայությունների հասանելիությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ