Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք անդունդի եզրին ենք ու առանց ապահովության բարձիկների ցատկելու ենք այդ անդունդից»

Մարտ 23,2022 15:00

Քրիստինե Վարդանյանը փակ նիստից հետո տագնապի մեջ է ընկել՝ ո՞րն է իրեն առաջարկվող խաղաղության գինը:

Երեկ ընդդիմությունը Արցախի հումանիտար իրավիճակի, սպառնալիքների մասին հրատապ նիստ էր հրավիրել, որն անցավ դռնփակ: Նիստից հետո «Առավոտի» հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը որոշ մանրամասներ պատմեց քննարկումից. «Փակ նիստից ոչ միայն տպավորություն չփոխվեց, այլ ավելի խորացան մտահոգությունները, անհանգստությունները, կասկածներն ու տագնապները, որոնք լրիվ հիմնավոր էին փակ նիստից էլ առաջ»:

Նա ասաց, որ որեւէ ակնկալիք չուներ, հետեւաբար չի էլ հիասթափվել քննարկումից. «Ես միայն կարող եմ վերահաստատել արդեն ակնառու դարձած իրողությունները, որոնք ով աչք ունի, տեսնում է: ՀՀ-ն իր գոյության համար վտանգավոր գործընթացի մեջ է ու այդ պրոցեսը կարող է հանգեցնել պետականության փլուզման եւ նոր ցեղասպանության: Մեր անվտանգության համակարգը քանդված է ու այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում մենք հիմա ենք, ուղղակի կես քայլ ենք հեռու այդ իրողությունից: Մեր այս ծանրագույն իրավիճակում երկիրն առաջնորդող նավի ղեկը բռնել են մարդիկ, ովքեր ոչ միայն նավավարությունից գաղափար չունեն ու չեն կարողանում գտնել անգամ համապատասխան քամու ուղղությունը, այլ նպատակ չունեն անգամ նավն ապահով ափ հասցնել: Նրանց նպատակն է նավավարել ինչքան հնարավոր է երկար, այսինքն, լուծում են մի խնդիր՝ սեփական իշխանության երկարաձգման խնդիրը: Նիստը փակ էր, ինչ-որ բաներ հնչեցրին, որոնք գաղտնիության ռեժիմում են, բայց մեծ պատկերն արդեն պարզ է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել՝ մենք անդունդի եզրին ենք ու այսպես շարունակելու դեպքում առանց ապահովության բարձիկների ցատկելու ենք այդ անդունդից»:

Նա ասաց, որ շատ կարեւոր է պատճառահետեւանքային կապը հասկանալ. «Մենք իշխանափոխությամբ կարող ենք իրավիճակ փոխել, եթե լինի ընթացիկ քամի, այն որսանք ու նավը դուրս բերենք ապահով ափ: Իսկ փակ նիստում հաստատվեցին ոչ կոմպետենտության հետ կապված, անկարողության եւ ապաշնորհության հետ կապված բոլոր այն փաստարկներն ու պնդումները, որոնք նախկինում արդեն արված էին: Մարդկանց որեւէ փակ տեղեկություն պետք չի, նայեք անցած 4 տարին, իրար կողք դրեք փաստերը ու ոչ միայն կտեսնեք ապաշնորհության շքերթ, այլ նաեւ կտեսնեք, որ անհնար է այդքան պարզապես միամտաբար սխալվել, այդտեղ միտում էլ կտեսնեք»:

Հարցին՝ լավ, այդ դեպքում այս քննարկումը զուտ ժամանակի վատնո՞ւմ էր, թե՞ ինչ-որ բան տվեց՝ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այս հանդիպումը իրենք կփորձեն օգտագործել իրենց քարոզչական նպատակներով: Իրենք մի նպատակ ունեն՝ իշխանությունը երկարաձգել ու իրենց պետք է ցույց տալ կայունության, քաոսի հաղթահարված լինելու իրավիճակ, այդպիսի պատրանք առնվազն: Իրենք ուզում են ցույց տալ, թե այսպիսի կայուն իրավիճակ է մեր երկրում, այո, կան հարցեր, որոնց շուրջ գուցե չենք համաձայնվում, բայց տեսեք՝ փակ քննարկում էլ ենք անում, բաց էլ ենք անում, դե, աշխատում ենք, «գործընթաց է երկրում, եղբայր» վիճակ: Բայց ինչ ունենք մենք իրականում՝ այս հակադրությունը, որի մասին մենք խոսում ենք, ոչ թե «Հարկային օրենսդրության» շուրջ լեզու չենք գտնում, մանր հարցեր կան, որտեղ մենք համաձայն չենք, այլ անկյունաքարային ու սկզբունքային հարց է, որտեղ ոչ միայն եզրեր չկան, այլ հակադիր են այդ տեսակետներն իրար: Մեկն ասում է, որ Հայաստանը գործոն չի ու հայ ազգը չի կարող լինել՝ իր չափերով պայմանավորված, սահմաններով, աշխարհագրական դիրքով, եկեք հանձնվենք թշնամու քմահաճույքին, թե բա՝ ձեռքներս բարձրացնենք վերեւ: Մի հատ էլ ապացույց են բերում, թե՝ եթե մարդիկ ինձ ընտրել են, ուրեմն դա են ուզում:

Մենք ասում ենք՝ մարդիկ դա չեն ընտրել, եթե ընտրել են, ինչո՞ւ 2020-ին ձեռքները վեր չբարձրացրեցին, այլ գնացին ու հերոսություններ գործեցին, ինչո՞ւ են սոցհարցումներն ասում, որ մարդիկ 90% Թուրքիային թշնամի են համարում, 77% Ադրբեջանին են համարում, եթե այդպես վտանգ չեն զգում: Եվ եթե իրենք ուզում են խաղաղ ապրել, ոչ միայն 100 տարի առաջ կատարված ցեղասպանությունը կա, այլ Բաքվում կատարվածը, Արցախում կատարվածը, Սումգայիթի ջարդերը, թշնամին ձեռագիրը փոխե՞լ է: Հետեւապես ասում ենք՝ եթե մեր իրավիճակը սա է, մենք պիտի պատրաստվենք՝ ուժերի ամբողջ լարումով: Իրենց խաղաղության դարաշրջանի միակ երաշխիքը թուրքի խոսքն է: Իրենք միայն այդ խոսքի վրա մեզ բոլորիս տանում են նոր ցեղասպանության: Բթացնել հայ ազգի զգոնությունը՝ դա պարզապես միտումնավոր նոր ջարդի է տանելու: Հարցրեք որն է խաղաղության գինը, դուք պատրա՞ստ եք դրան, ես պատրաստ չեմ: Խաղաղությունը շատ լավ բան է, ԱԺ շենքում որեւէ մեկը ինձնից շատ դա չի կարող ուզել, ընտանիքի զինվորական անդամ ունեմ, բայց ես ընտրություն չունեմ: Եթե իմ դեմ գալիս են պատերազմելու, իմ միակ փրկությունը ինքնապաշտպանությունն է: Դրա համար ես ասում եմ՝ ամեն գնով խաղաղություն պետք չի, ո՞րն է ինձ առաջարկվող խաղաղության գինը: Ասեք՝ կարողանամ ընտրել: Իրենք պարզապես խաբում են 30 տարի բազմաթիվ խնդիրներ հաղթահարած, պատերազմ տեսած, դժվարություններ հաղթահարած, հոգեբանական աղետի մեջ կքած ժողովրդին՝ խաղալով ամենանվիրական զգացմունքներից մեկի՝ խաղաղասիրության զգացմունքի մեջ»:

Պատգամավորի համոզմամբ, մի դեպքում կարող է կայուն խաղաղություն լինել, եթե խնդիրը կարգավորվի արդարության սկզբունքի հիման վրա, իսկ արդարության սկզբունքն այն է, որ հադրութցին, ում պապը, ապուպապը ապրել է Հադրութում, կարողանա վերադառնալ իր տուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031