Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյունավետ պետական քաղաքականություն վարելու համար հնչող տեսակետները դիտարկել, դրանց պատասխանելով՝ առաջ գնալ, այլ ոչ թե անտեսել. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 23,2022 09:46

Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է Սեւանի, Սյունիքի եւ նույնիսկ Երեւանի հանդեպ իր նկրտումների մասին, բնական է, որ հայկական փորձագիտական շրջանակներում էլ պետք է բարձրացվի ու շրջանառվի Ադրբեջանի արհեստածին բնույթի մասին թեզը: Երբ Թուրքիան հետեւողականորեն մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այն դեպքում, երբ դեռ 1920-ականներին նույն այդ երկրի դատարանն է ճանաչել այն եւ մեղավորներին դատապարտել մահապատժի, ՀՀ քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակները պետք է օրինաչափորեն հարցականի տակ դնեն Անկարայի անկեղծությունը հարաբերություններ հաստատելու հարցում

Տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակների ու առկա իրողությունների պայմաններում, եթե պաշտոնական Անկարան, իրոք, ձգտում է հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ, ապա պետք է ծայրահեղ զուսպ լինել պետական մակարդակով հայտարարություններում եւ բանակցություններում՝ զերծ մնալով թեկուզ ենթատեքստում նախապայմաններ ենթադրող որեւէ թեզից: Դա առաջնային անհրաժեշտություն է նաեւ այն պատճառով, որ այսօր տարածաշրջանային համագործակցությամբ շահագրգռված են հենց թյուրքական պետությունները, քանի որ Հայաստանի ու Արցախի տնտեսությունները 35 տարվա ընթացքում ադապտացվել են երկու փակ սահմաններով գործելուն:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունն այս իրավիճակում: Բնականաբար, հնարավորինս նվազեցնի պետության անվտանգային ռիսկերը, իսկ դա հնարավոր է միայն երկխոսելու միջոցով, ինչը եւ այսօր արվում է: Պետության արտաքին քաղաքականությունը պետք է հնարավորինս զերծ մնա հուզականությունից եւ հիմնված լինի առավելագույնս պրագմատիկ՝ օրվա աշխարհաքաղաքական իրողություններով ամրագրված փաստարկների վրա, բայց եւ պահպանվեն այնպիսի սկզբունքային հարցերը, ինչպիսիք են տարածաշրջանի հակամարտության հիմքի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ կարգավիճակի հարցը: Դատելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթից, այն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական օրակարգում է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Վերջինիս օրակարգային կարեւորությունը բխում է հենց հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու բուն նպատակից: Այլապես հայկական փորձագիտական շրջանակներում ավելի հիմնավոր կհնչի այն թեզը, թե Թուրքիան ամենեւին էլ չի ուզում հարեւանի քաղաքականություն վարել, այլ էքսպանսիա է իրականացնում՝ թեկուզ տնտեսապես կամ Ադրբեջանի միջոցով: Պետությունների միջեւ կայուն հարաբերություններ հաստատելու համար երկկողմ օրակարգից հարցերը պետք է հանվեն, ինչն արդիական է հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար:

Սա՝ պետական քաղաքականության առումով, իսկ հասարակական-քաղաքական խոսույթում այդ քաղաքականությանը չհամընկնող կարծիքների եւ տեսությունների գոյությունը ցանկացած ժողովրդավարական համակարգի առաջնային բնութագրիչներից է, առավել եւս, երբ դիմացի պետությունները նման կարծիքների համար ստեղծում են պարարտ հող: Արդյունավետ պետական քաղաքականություն վարելու համար պետք է հնչող տեսակետները դիտարկել եւ դրանց պատասխանելով՝ առաջ գնալ, այլ ոչ թե դրանք անտեսել: Ընդ որում` որեւէ պետության դիմացի երկրի հասարակության շրջանում՝ իր վարքագծի վերաբերյալ հնչող մտահոգություններին պատասխանելը պետք է լինի տվյալ պետության առաքելությունը, քանի որ այդ մտահոգությունների հեղինակն ինքն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031