Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է արդյոք դիրքորոշում հայտնել

Մարտ 23,2022 10:00

Ռուսաստանում կան արվեստագետներ, մարզիկներ եւ այլ հանրային դեմքեր, որոնք դեմ են արտահայտվում իրենց երկրի իշխանության կողմից ծավալած պատերազմին։ Պաշտոնական քարոզչությունը նրանց, այսպես ասած, «գամում է անարգանքի սյանը»՝ ոչ հայրենասեր լինելու համար, իսկ պետական մարմինները արգելում են նրանց գործունեությունը։ Օրինակ, նման պատժամիջոցների տակ ընկավ իմ սիրած երաժիշտներից մեկը՝ Բորիս Գրեբենշչիկովը։ Կան հայտնի մարդիկ, օրինակ, երգիչ Նիկոլայ Բասկովը, որոնք արդարացնում են պատերազմը: Չգիտեմ, թե որքանով են Բասկովի նման երգիչները պահանջված Արեւմուտքում. եթե պահանջված է, ապա նրա ելույթներն այնտեղ կարգելվեն։

Այդպես է, մասնավորապես, վարվել Շախմատի միջազգային ֆեդերացիան ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կորյակինի հետ, որակազրկելով նրան 6 ամսով այն պատճառով, որ նա պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը։ Որոշակի հեգնանք կա այն հանգամանքի մեջ, որ այդ ֆեդերացիան ղեկավարող Արկադի Դվորկովիչը որոշ ժամանակ առաջ պաշտոն էր զբաղեցնում Պուտինի վարչակազմում:

Բայց կան «աստղեր», որոնք որեւէ դիրքորոշում չեն հայտնել եւ, այնուամենայնիվ, ենթարկվում են «մշակութային պատժամիջոցների», ինչը, կարծում եմ, իրավաչափ չէ: Դասական օրինակ է Վալերի Գերգիեւը, որի համերգները Եվրոպայի մի շարք քաղաքներում, Նյու-Յորքում եւ այլուր չեղարկվել են: Նա չէր արդարացրել այս պատերազմը, բայց նաեւ՝ հրաժարվել էր խոսել ընդդեմ պատերազմի եւ մեղադրել Պուտինին, որի հետ մինչ այդ որոշակի կապեր ունեցել է:

Բայց եկեք խնդրին նայենք մեկ այլ կողմից: Եթե դու, արվեստագետ լինելով, քաղաքականության մեջ բռնում ես այս կամ այն կողմը, ապա պետք է պատրաստ լինես, որ հակառակ կողմը քեզնից դժգոհ կմնա, եւ այդ դեպքում դու չես կարող ասել՝ «արվեստը քաղաքականության հետ մի խառնեք», որովհետեւ առաջին խառնողը դու էիր: Իսկ եթե դու որեւէ կողմ չե՞ս բռնում: Կարելի՞ է արդյոք որեւէ կողմ չբռնել: Պե՞տք է արդյոք արվեստագետից պահանջել, որ նա պարտադիր «կողմնորոշվի»:

Այդ հարցերը, բնականաբար, միանշանակ պատասխան չունեն: Իմ կարծիքով, ամեն ինչ կախված է «համատեքստից»: Եթե խոսքը, ասենք, ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի վեճի մասին է, ապա, ինձ թվում է, միանգամայն ընդունելի է արվեստագետի, մտավորականի չեզոք դիրքորոշումը կամ անտարբեր վերաբերմունքը. քաղաքական վեճ է, պայքար է իշխանության համար՝ թող զբաղվեն: Բայց եթե խոսքը հազարավոր մարդկանց կյանքերի մասին է եւ մարդկանց սպանելու վերաբերյալ քարոզչության ցինիկ ստերի մասին, ապա այստեղ կողմնորոշվելը խիստ ցանկալի է: «Կողմնորոշվել»՝ տվյալ դեպքում ամենեւին չի նշանակում պնդել, որ մի կողմում հրեշտակներ են, իսկ մյուս կողմում հրեշներ: Բավարար է ասել՝ «ես դեմ եմ պատերազմին»: Այս պարզ նախադասության համար Ռուսաստանում մարդկանց հետապնդում են, որովհետեւ «պատերազմ» բառն այնտեղ արգելված է: Պատճառը հայտնի է՝ բոլոր նորմալ մարդիկ պատերազմն ատում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Հավաքական Արեւմուտքը վերջնականապես թաղեց այսպես կոչված «արեւմտյան արժեքները». պարզվեց, որ «մարդու իրավունքները», «ժողովրդավարությունը» ընդամենը քարոզչական շղարշ են ու պատրվակ՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու ու նրանց ստրկացնելու համար: Պարզվեց, որ հանգիստ խղճով կարելի է մշակույթն ու սպորտը խառնել քաղաքականության հետ, թքել մասնավոր սեփականության «սրբազան» իրավունքի վրա ու սահմանափակել մարդկանց տարրական իրավունքները՝ ռասիստական հիմնավորումներով…

    Հատկապես ծիծաղելի վիճակում են հայտնվել Հայաստանի «արեւմտամետները» (իրականում՝ թուրքամետները), որոնք հայհոյում են Պուտինին ու «խեղճ» Ուկրաինայի դարդն են լացում՝ իրենց յոլդաշ թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին: Մի՞թե կարելի է այս աստիճանի կույր լինել, չհասկանալ, որ եթե Ռուսաստանը նեղն ընկնի այս պատերազմում՝ թուրքերը անմիջապես ակտիվանալու են մեր տարածաշրջանում: Մի՞թե էս ողորմելի խզմալները չեն տեսնում, որ Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի տարբերություն չկա. երկուսն էլ լենին-ստալինյան արհեստական կազմավորումներ են, իրենց բնույթով՝ ագահ, մակաբույծ, լկտի եւ ցեղասպան: Այն, ինչ անում է Ռուսաստանը այժմ Ուկրաինայում, պետք է ժամանակին մենք անեինք Ադրբեջանի նկատմամբ: Բայց դե քիրվայական «դուխով» չարչի հայերն ընտրում են նիկոլ (այսինքն՝ պարտություն, նվաստացում ու թրքահպատակ ստրկություն), իսկ իրոք հպարտ ռուսները՝ Z (այսինքն՝ արժանապատվություն ու անվտանգություն)…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    ”Բավարար է ասել՝ «ես դեմ եմ պատերազմին»:”

    Ո՞ր պատերազմին: Օրինակ՝ Դոնբասի դեմ մղվող Ուկրաինայի պատերազմին դե՞մ եք, թե՞ ոչ: Իսկ Դոնբասի ժողովրդի նկատմամբ ուկրաինական ագրեսիայի մասին բան չունե՞ք ասելու: Իսկ Դոնեցկն ու Լուգանսկը անընդհատ հրետակածելու մասին ոչինչ չե՞ք լսել: Իսկ քանի՞ խաղաղ բնակիչ է վերջին տարիներին մահացել ուկրաինական հրթիռներից ու դիվերսանտների ահաբեկչական գործողություններից՝ նույնպես չգիտե՞ք…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Պատճառը հայտնի է՝ բոլոր նորմալ մարդիկ պատերազմն ատում են:”

    Կեղծ խաղաղասիրությունը ավելի վտանգավոր ու զազրելի երեւույթ է, քան բուն պատերազմը: Դա ոչ թե պատերազմի ժխտումն է, այլ ընդամենը սեփական պարտության նախապատրաստում՝ թշնամու սանձազերծած ապագա անխուսափելի պատերազմում: Ուզում եմ հիշեցնել մի պարզ իրողություն. մարդկության պատմությունը համարյա ամբողջովին պատերազմների պատմություն է, իսկ կարճատեւ «խաղաղության» ժամանակները՝ ընդամենը զինադադար ու պատրաստություն հաջորդ պատերազմին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031