Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում․ Արման Թաթոյանի արձագանքը ՊՆ–ին

Մարտ 23,2022 00:26

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ՖԲ գրառումը

Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան:

Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար:

ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը:

Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր:

Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից:

Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն են արել: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է:

Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում:

Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»:

Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում:

Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031