Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՄԻՊ-ի դիմումը լսվեց ՍԴ-ում՝ առանց նրա

Մարտ 23,2022 14:00

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգի շրջանակներում մարտի տասնհինգին քննել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը:

Գործով որպես պատասխանող ներգրավված էր Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանը: Օրակարգում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցն էր: ՄԻՊ-ի դիմումը մուտքագրվել էր դատարան 2021 թվականի հոկտեմբերի 11-ին: Ըստ դիմող նախկին ՄԻՊ-ի՝ վիճարկվող նորմը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվելու դեպքում այն անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայման հիմք է, որով խախտվել են վերջինիս իրավունքները, մինչդեռ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում չընդունելը զրկում է անձին խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության եւ դրա տարր հանդիսացող դատարանի մատչելիության ու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքները։ Նրա դիտարկմամբ՝ խնդրահարույց է ոչ միայն որոշման եզրափակիչ մասի, այլ նաեւ պատճառաբանական մասում շարադրման ենթակա դիրքորոշումների բացակայությունը, որոնք իրավունքի աղբյուր են եւ իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական նորմերի պաշտոնական մեկնաբանություններ։

Դիմողը կարծում է, որ օրենքի վիճահարույց 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրության 61 եւ 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով Սահմանադրական դատարանում քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով դիմումը մերժված համարելը ոտնահարում է դատական պաշտպանության յուրաքանչյուրի իրավունքը: Դիմող կողմը հայտնել էր, որ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին իր կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի եւ 422-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: Նշված գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել էր հետեւյալ տեղեկատվությունը. «Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության է առել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի եւ 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, եւ հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ նշված դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում»:

Դիմողը փաստում է. «Սահմանադրական դատարանին դիմելով, ՍԴ սուբյեկտներն ակնկալում են իրենց ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնում սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով, իրենց դիմումի քննության ընդունումն էլ ավելի է ամրապնդում այդ ակնկալիքը, քանի որ ենթադրելի է, որ ՍԴ-ն իրենց դիմումի քննության արդյունքում կայացնելու է գործն ըստ էության լուծող, որոշակի բովանդակություն ունեցող որոշում, որով վիճարկվող նորմը կա՛մ ճանաչվելու է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, կա՛մ առնվազն ՍԴ պատճառաբանված որոշմամբ հիմնավորվելու է նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը»:

Ըստ Սահմանադրական դատարանի՝ սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքն ընդգրկում է նաեւ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում ստանալու իրավունքը, եւ որ վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության հարցը մի կողմից՝ գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ սահմանադրական կարգավորումների տիրույթում։

ՍԴ-ն արձանագրել էր. «Տվյալ դեպքում թեպետ սահմանադրորեն երաշխավորված է Սահմանադրական դատարանի կողմից օրենքների եւ Սահմանադրությամբ նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության գնահատման վերաբերյալ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու իմպերատիվ պահանջը, քանզի ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելը ժողովրդավարության սկզբունքի բաղադրատարրն է, այնուամենայնիվ, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չեն բացառվում այնպիսի իրավիճակները, երբ նիստի իրավազորության պայմաններում քննարկվող հարցի վերաբերյալ դատավորների ձայները կարող են հավասար բաշխվել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում, ինչն էլ, փաստորեն, հանգեցնում է գործով ըստ էության վերջնական որոշում կայացնելու փաստացի անկարողության: Ձայների հավասար բաշխվելը գործով վերջնական որոշում կայացնելու անհնարինության մասնակի դրսեւորում է, եւ գործնականում չեն բացառվում իրավիճակներ, որոնք եւս կարող են հանգեցնել դատավորների ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու անհնարինության»: Սահմանադրական դատարանն արձանագրեց նաեւ, որ գործող օրենսդրական կարգավորումները միտված են սահմանադրաիրավական վեճի քննության ընթացքում դատավորների ձայների հավասարության դեպքում դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակի լուծմանն այն հաշվառմամբ, որ առկա իրավական կառուցակարգերի պայմաններում երաշխավորվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը: «Մեղավոր» հոդվածը համապատասխանում էր Սահմանադրությանը: ՍԴ-ն անդրադարձել էր քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության դեպքում դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակում տարբեր պետությունների օրենսդրությամբ ամրագրված կարգավորումներին, մասնավորապես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Լիտվայի Հանրապետության, Պորտուգալիայի, Հունգարիայի, Բելառուսի «ՍԴ մասին» օրենքներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031