Մարտի 1-ին ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի վարույթ է ընդունվել այս գործը:
Հայցվոր Զավեն Արամի Գրիգորյանը դիմելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրել է Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Զ.Գրիգորյանի բռնագանձել 333.000.000 ՀՀ դրամի չափով գումար, որից 2.262.630 ՀՀ դրամը՝ որպես նյութական վնաս, 330.737.370 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի՝ կիրառված խափանման միջոցների եւ որպես մեղադրյալ ներգրավված լինելու արդյունքում կրած բարոյական վնասի փոխհատուցում: Հայցադիմումը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել էր փետրվարի 15-ին: ԵԴ/7368/02/22 քաղաքացիական գործով պատասխանողը ՀՀ կառավարությունն է, հանձին ֆինանսների նախարարության: Նշեմ, որ Զավենը Վայոց ձորի աղմկահարույց գործով՝ «Փոխգնդապետի ծեծի գործով» արդարացվածն է:
Զավեն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտնեց, որ Զ.Գրիգորյանը 5 ամիս անազատության մեջ է անցկացրել սուտ մատնության հետեւանքով եւ այժմ դատավոր Դավիթ Բալայանի վարույթում է գտնվում զինվորականների նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը: Դատական նիստը նշանակված է ապրիլի 2-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
22.03.2022