Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գեղանկարչի Կովկասյան Հիրոսիմա՝ Աղդամը, պատերազմի արհավիրքն ու լույսը

Մարտ 23,2022 12:30

Երիտասարդ գեղանկարիչ Թադեոս-Վրեժ Վարդանյանը ծնունդով Մասիս քաղաքից է: Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիսի շրջանի Նիզամի գյուղում։ Համատեղությամբ սովորել է ծննդավայրի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում։ 2017 թվականին ընդունվել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի «Գեղանկարչություն» բաժինը, իսկ ծառայությունն ավարտելուց հետո կրկին ուսանում է: Ծառայությունից վերադարձել է երեք կրծքանշանով:

Կարճ ժամանակահատվածում երիտասարդ գեղանկարիչը հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, ընթացիկ ցուցահանդեսների եւ պլեներների՝ արժանանալով խրախուսական մրցանակների, պատվոգրերի, որոնք նույնպես մեծ ներգործություն են ունեցել ստեղծագործական ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու եւ նորովի մոտենալու նկարչությանը:

Թադեոս-Վրեժ Վարդանյանը 2016 թվականից Մասիսի սուրբ Թադեոս եկեղեցում դպիր է: Ասում է՝ բոլորս Տիրոջ որդիներն ենք, եթե պահենք նրա պատգամներն ու առաջ ընթանանք նրա կամքն ու արքայությունը խնդրելով։

«Հիշում եմ, երբ 2016 թվականին Ապրիլյան պատերազմը սկսվեց, մի առավոտ որոշեցի գնալ եկեղեցի եւ այդ զգացողությունը սովորական չթվաց ինձ։ Մի ուղղորդող մեծ ուժ էի զգում, որը երբեք չեմ մոռանա։ Գիտեմ, որ այդ ուժն էլ ավելի է կրկնապատկվում, քանի որ ամեն տեղ ջանում եմ եւ կյանքիս ամեն օրը ծառայեցնում ինձ տրված առաքելությանս մեջ»,-ասում է մեր զրուցակիցը:

2018թ. ուսումը կիսատ թողնելով համալրեց հայոց բանակի շարքերը: Եկավ մեր սրբազան ժառանգությունը պահպանելու ժամանակը։ «Ամեն բջիջովս փորձում էի զգալ իրականությունը, որն իմ մեջ ծաղկեցրեց արժանապատվության խորը զգացողությունը։ Շոշափելի համարելով այդ, զորամասում ունենալով բարդ ու մռայլ ապրումներ, սակայն բավարար ժամանակ չունենալով զբաղվել այլ գործերով, սնվելու ու հանգստանալու ժամանակս օգտագործեցի գործերիս համար»,-հիշում է զրուցակիցս՝ հայացք նետելով անցած ու գնացած դժվար, բայց երանելի օրերին:

Մեր զրուցակիցը վերհիշեց, թե ինչպես այդ բարդագույն իրավիճակներում չկորցրեց իրեն, ստեղծեց իր համար արժեք ներկայացնող գործեր, որոնց հետ, կարելի է ասել՝ ապրել է, շնչել, ուժ ստացել եւ շարունակել պայքարը՝ վրձնի ու թղթի հետ միշտ մտերիմ մնալով. «Չունենալով հնարավորություն ձեռք բերելու գեղանկարչական թղթեր, հրամանատարիս անմիջական աջակցությամբ ձեռք բերեցի զինպահեստից հնամաշ թղթեր, քանի որ ցանկանում էի, որ թուղթն էլ իր խորհուրդն ունենար: Դրանց վրա գրի էի առնում վայրկյանների ընթացքում տեղի ունեցող թե՛ զավեշտալի, թե՛ «սառը» մտքերս՝ դարձնելով փոքրիկ պատմվածքներ»:

Այդ իրականության մեջ ունեցավ անսահման թանկ, թանաքով ու ջրաներկով կատարած մի շարք, որը կոչվում է «Կովկասյան Հիրոսիմա. Աղդամ»։ Այս շարքը տարբերվում է նրանով, որ 15-օրյա զորավարժության ընթացքում ունենալով ջրի շատ քիչ պաշար, իրեն հատկացվող ջրի բաժինը օգտագործում էր ստեղծագործությունների համար։ Թադեոս-Վրեժ Վարդանյանը նաեւ նշեց, որ իր մատիտը միշտ իր հետ էր, մի քանի գույն ջրաներկ, միջին համարի վրձինը, թանաքն ու գրիչը: Այս նյութերն ունենալով` հայտնվելով բարդ իրավիճակներում, ստեղծեց գրաֆիկաներ, որոնք կատարել է մարտական հերթապահություն իրականացնելիս։

Զորացրվելուց հետո երիտասարդ գեղանկարիչը մտածում էր նաեւ անհատական ցուցահանդես ունենալու մասին, սակայն համավարակը, ապա նաեւ պատերազմը պլաններում կտրուկ շրջադարձեր արեցին: Արցախյան 44-օրյա պատերազմը վերապրելով, երիտասարդը որոշեց հանձնել կտավին՝ ցավը, կորուստը, հայրենիքի ու բնության խորը արժեքը եւ այն ամենը, ինչը կարեւոր էր համարում:

2021 թվականին մասնակցեց «Մենք կանք» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ ներկայացնելով «Կովկասյան Հիրոսիմա. Աղդամ» կոչվող շարքը, որն էլ արժանացավ բարձր գնահատանքի։ Նույն թվականին իրականացվեց «Կոնդ» կրթամշակութային ծրագիրը, կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ Թադեոս-Վրեժ Վարդանյանը ներկայացրեց Կոնդ թաղամասի էտյուդները։

Վերջերս էլ «Մայր Մանե» ՍՀԿ ղեկավար, հայապահպան մի շարք նախաձեռնությունների հեղինակ Մանուշակ Ստեփանյանի առաջարկով բացվեց երիտասարդ գեղանկարչի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զինծառայության ընթացքում եւ քաղաքացիական կյանքում դեպի լույսին առնչվող աշխատանքները: Ցուցահանդեսը «Ակնթարթային հուշեր» խորագրով էր «Նարեկացի արվեստի միության» ցուցասրահում։

Թադեոս-Վրեժ Վարդանյանն ասում է՝ այս ցուցահանդեսն իր ստեղծագործական կյանքի կարեւոր իրադարձություններից մեկն է, որը նաեւ իրեն՝ երիտասարդ գեղանկարչի ճանապարհի շարունակական ինքնակատարելագործման առհավատչյան է:

Թադեոս-Վրեժ Վարդանյանը բոլոր կտավներում հակված է դեպի լույսն ու մարդը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել